Վարժարանի ուսուցչուհին արժանացել է ռեկտորի խրախուսանքին եւ կրթական հանրության ճանաչմանը

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը այն մանկավարժների թվում է, որոնք ուսումնական տարվա ամփոփման արդյունքներով, ինչպես նաեւ հեռավար ուսուցումը արդյունավետ անցկացնելու համար ՀԱԱՀ ռեկտորի կողմից արժանացել են պարգեւավճարի։

Տիկին Խաչատրյանի այս խրախուսանքը ՀԱԱՀ-ի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման՝ համալսարանի ղեկավարության քաղաքականության կոնկրետ դրսեւորումն ու արդյունքն է։ Պատահական չէ, որ վարժարանի սաների բացարձակ մեծամասնությունը հաղթահարել է մաթեմատիկայի միասնական քննությունը։

Խրախուսանքը նաեւ տարվա ընթացքում ուսուցիչների վերապատրաստմանը լուրջ տեղ հատկացնելու՝ վարժարանի ղեկավարության քաղաքականության արդյունքն է։ «Ինչպես կրթական համակարգն առհասարակ, այնպես էլ հանրակրթությունն այսօր արմատական փոփոխությունների շեմին է, եւ արագ փոփոխությունների մեր դարաշրջանում համեմատաբար կարճ ժամանակում աշակերտին գործնական գիտելիքներ հաղորդելու համար պետք է նախ ուսուցչին վերապատրաստենք», – ասում է վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը։

Վերապատրաստման դասընթացների համար, որոնք գլխավորապես իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, վարժարանում ընտրել են 7 երիտասարդ ուսուցիչների, որոնք տիրապետում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլեւ ՏՏ հմտությունների ու գործիքների, կարողանում են օգտվել Moodle եւ այլ հարթակներից։ Անձամբ Նելլին մասնակցել է բազմաթիվ ու բազմաբնույթ վերապատրաստումների․ ստացած հավաստագրերի միայն թվարկումը նույնիսկ երկար կտեւի։ Այդ բոլորի արգասիքներից մեկն էլ այն է, որ Նելլին եւ հետեւողականորեն վերապատրաստում անցնող մյուս երիտասարդ մանկավարժները ստացած նոր գիտելիքին հաճույքով հաղորդակից են դարձնում վարժարանի իրենց գործընկերներին։ Ամեն ինչից զատ, տնօրեն Հակոբյանը սա համարում է սերունդների միջեւ կապը կենդանի պահելու եւ մանկավարժական հանրույթի սահուն սերնդափոխության լավ հնարավորություն։

Նելլի Խաչատրյանի մասնագիտական ջանքերը չեն սահմանափակվում վարժարանի եւ համալսարանի շրջանակով։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նյութերի առցանց բազայում մեր ուսուցչուհին զետեղել է 68 նյութ։ Պատահական չէ, որ արժանացել է նաեւ ԿՏԱԿ-ի շնրհակալագրին:

Երբ վարժարանի տնօրենն արձանագրում է, որ մենք պետք է ներկայանալի լինենք մեր ուսուցիչներով, այնուամենայնիվ, շեշտում է՝ «մանավանդ բնական գիտությունների ոլորտում»։ Մեր վարժարանը «Քվանտ» կամ «Շիրակացի» դառնալու հավակնություն չունի, սակայն մայրաքաղաքի  լավագույն ավագ դպրոցներից մեկը լինելու հավակնությունը միանգամայն իրատեսական է, նշում է Արաքս Հակոբյանը։

Այս նպատակն է̕լ ավելի իրատեսական է դառնում Նելլի Խաչատրյանի նման մանկավարժների շնորհիվ։ Իսկ մինչ այդ, Նելլին իր հեղինակած ռուսերեն նյութերով մտել է նաեւ ռուսական կրթական առցանց շուկա եւ արդեն փորձ է անում ագլերենով «թափ առնել» դեպի միջազգային շուկա։