Ռեկտորատի փետրվարի 23-ի նիստը ռեկտոր Վարդան Ուռուտյանը սկսեց՝ շնորհավորելով Մարիամ Մովսիսյանին եւ Լիլիթ Զաքարյանին՝ համապատասխանաբար ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր եւ ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն նշանակվելու կապակցությամբ:
2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակի վերաբերյալ զեկուցումներով եւ 2019-2020 ուսումնական տարվա քննաշրջանի արդյունքների ներկայացմամբ հանդես եկան դեկանները, քոլեջների, մասնաճյուղերի տնօրենները: Զեկուցումներից պարզ դարձավ, որ, որոշակի լուծելի խնդիրներով հանդերձ, մանավանդ հաշվի առնելով 2020թ.-ի ծանր փորձությունները, առաջադիմության ցուցանիշները բավականին բարձր են, տարբեր ստորաբաժանումներում՝ 70-ից մինչեւ 90 տոկոսի սահմաններում:
Առարկայական եւ ուսման վարձերի պարտքերի եւ վերահանձնումների առկա իրավիճակը, ինչպես պարզվեց զեկուցումներից, գլխավորապես օբյեկտիվ հիմքեր ունեն, թեպետ սուբյեկտիվ գործոնն էլ չի բացակայում: Բոլոր դեպքերում, ինչպես նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը, համալսարանի բյուջեն ճիշտ պլանավորելու համար ֆինանսական կարգապահության հարցերը առաջին պլան են գալիս: Օբյեկտիվ դժվարությունները հաշվի առնելով՝ ռեկտորատը որոշեց պարտքերի մարման վերջնաժամկետ նշանակել մարտի 5-ը:
Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց թեստային համակարգի անցման ընթացքը: Համալսարանի ուսանողական եւ դասախոսական հանրությունների գերակշիռ մեծամասնության հավանությանն արժանացած թեստային համակարգի առումով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Վաչագան Մելքոնյանը նշեցին, որ որոշ ամբիոններ ուշացնում են թեստերի կազմման աշխատանքները: Պարոն Մելքոնյանի փոխանցմամբ, կան նաեւ դեպքեր, երբ ուսանողների ձեռքին տեսնում ենք թեստերի պատասխանները. փաստն այն է, որ կան դասախոսներ, որոնք նույնիսկ չգիտեն, որ պատասխանները չպետք է դնել Moodle համակարգ…
Քննարկվող ընթացիկ հարցերի շարքում էր նաեւ ՀԱԱՀ դասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման եւ վճարման կարգում տեղի ունեցած փոփոխություններին վերաբերող հարցը: ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը ներկայացրեց գիտական գործունեության սահմանված տարբեր տեսակների համար տրվող լրավճարների չափերի փոփոխությունները: Լրավճարների չափերը զգալիորեն ավելացել են: Ռեկտոր Ուռուտյանը սա համալսարանի դասախոսների համար գիտությամբ զբաղվելու գործում կարեւոր քայլ համարեց: «Թե հոդվածների թիվն է ավելացել, եւ թե մեր կողմից տրվող լրավճարների չափը: Սա լրացուցիչ հնարավորություն է համալսարանի գիտական դիրքերն ամրապնդելու տեսակետից»,- նշեց պարոն Ուռուտյանը:
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների առաջիկա մեկնարկի առթիվ ռեկտորը հանձնարարեց ապահովել ուսանողների ու դասախոսների ներկայությունը այդ աշխատանքների բոլոր փուլերում: Նա նաեւ ասաց, որ պետք է ինտենսիվորեն օգտագործել վերջերս շարք մտած համալսարանական երկու բաց տարածքները (երրորդը պատրաստ կլինի երկու շաբաթից): Պարոն Ուռուտյանը նաեւ տեղեկացրեց, որ Ռազմավարական զարգացման գործակալության հետ գործակցությամբ առաջիկայում իրականացվելու են մի շարք նախագծեր, ներառյալ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում ուսանողական հյուրատան ստեղծումը, որտեղ ուսանողները կապրեն մի քանի օր եւ կզբաղվեն կաթնամթերքի արտադրության եւ իրացման արժեշղթայի աշխատանքներին: Բալահովիտում նաեւ սննդի տեխնոլոգիաների եւ ագրոձեռներեցության թեմաներով դասընթացներ են անցկացվելու ՌԶԳ-ի շահառու համայնքների ֆերմերների համար:
Հետաքրքիր դասընթացներ են նախատեսվում նաեւ գյուղի կանանց համար, ընդ որում դրանք վարելու են ուսանողները, որոնք վճարվելու են. այս պահին 20 ուսանողներ վերապատրաստվում են հետագայում դասավանդելու համար:
Ռեկտորատի նիստն ավարտվեց ռեկտորի եւս մեկ հայտարարությամբ, որը վերաբերում էր Ագրարային համալսարանի՝ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող Փառքի սրահի ստեղծմանը: Սրահի նախագծումն իրականացնելու են պրոֆեսիոնալ դիզայներները: Ռեկտորի խոսքով, սրահը լինելու է մեր հերոսների սխրանքը արժեւորող, նրանց արժանի եւ արվեստի կնիքը կրող անկյուն: