ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի տեսադաշտում սննդի հեռանկարային արժեշղթաներն են

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ օրերս Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ուներ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծին մեկնարկ տալու նպատակ։ Ռեկտոր Ուռուտյանին ուղեկցում էին ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի մշակման գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանը եւ նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը, ինչպես նաեւ ՊՀԾ փորձագետներ:

ՊՀԾ-ն 2019-ից Բերդ համայնքում սկսեց ներդրումներ կատարել սննդամթերքի առաջարկը շուկայում կայունացնելու եւ եկամտաբեր աշխատատեղեր ստեղծելու համար` այդպիսով նպաստելով երկրի տնտեսական աճին: Սննդի արտադրության որակը եւ քանակը բարձրացնելու ուղությամբ ՊՀԾ-ն սկսեց աջակցել համայնքի փոքր տնտեսավարողներին եւ ագրոբիզնեսի ձեռնարկություններին՝ գյուղատնտեսական տեխնիկայի, գործնական գիտելիքների կատարելագործման եւ«կանաչ» տեխնոլոգիաների ներդրումների միջոցով: ՊՀԾ- ի սկզբնական նպատակը շարունակում է մնալ Հայաստանում սննդարար մթերքի հասանելիության ապահովումը մատչելի գներով, միաժամանակ աջակցելով համայքների տնտեսություններին եւ Տավուշի մարզում ստեղծելով եկամտաբեր աշխատատեղեր:

ՊՀԾ-ի աջակցությամբ 2019-ից Բերդ համայնքում փորձարկվում են հատիկաընդեղենների փորձնական արժեշղթաներ։ Մեկ կոոպերատիվում միավորված 25 ֆերմերներ զբաղվում են 40 հեկտար լոբու, ոլոռի եւ ոսպի մշակությամբ։ Այստեղ հիմնվել է արեւային էներգիայի արտադրության կայանք՝ ռեսուրսների արդյունավետության բարձրացման եւ ագրոտեխնիկական միջոցառումների՝ կլիմայի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Կոոպերատիվին անդամակցելու համար դիմել են եւս 77 անհատ գյուղացիական տնտեսավարողներ։ Այսպիսով, ՊՀԾ-ն Հայաստանում ստեղծում է հարակայուն պարենային արժեշղթաներ՝ տեղական գյուղատնտեսական ձեռնարկություններին աջակցելու, շուկայում առողջ սնունդ խթանելու եւ երկրում տնտեսական աճին նպաստելու համար:

ՀԱԱՀ-ի մասնագետներն ապահովում են նախագծի շահառուների վերապատրաստում երկու ուղղությամբ՝ ընտրված մշակաբույսերի ագրոնոմիական առանձնահատկությունների եւ հետբերքահավաքային գործընթացների, ինչպես նաեւ կոոպերատիվների ձեւավորման եւ կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ։

Մեկնարկած նախագիծն ունի երկու բաղադրիչ՝ Հայաստանի սննդի հեռանկարային արժեշղթաների ուսումնասիրություն եւ դպրոցական սննդի արտադրության եւ սննդակարգի բազմազանության բարելավում։ Արժեշղթաների ուսումնասիրության համար ընտրվել են մշակաբույսերի 4 խմբեր՝ հատիկաընդեղեն, ջերմատան բանջարեղեն եւ խոտաբույսեր (համեմունքներ), հացահատիկ եւ հատապտուղներ։ Մեր համալսարանի փորձագետները ՊՀԾ-ին տրամադրում են հարակայուն արժեշղթաների, ագրոպարենային համակարգի եւ երկրում սննդամթերքի կորուստների եւ թափոնների մասին իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ համակողմանի տեղեկություններ, ինչպես նաեւ ուսումնասիրում են արժեշղթաների վրա ազդող գործոնները։

Նախագծի երկրորդ բաղադրիչի շրջանակում ՀԱԱՀ-ի մասնագետներն ապահովում են խորհրդատվություն դպրոցամերձ հողամասերի եւ ջերմատների արդյունավետության բարձրացման, վերամշակման փորձնական արտադրություններ հիմնելու, սննդի անվտանգության, դպրոցական սննդին առնչվող գյուղատնտեսական բիզնես մոդելների արմատավորման եւ դրանք աստիճանաբար հարակայուն դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, մեր մասնագետներն ուսումնասիրում են ջերմատների գործում ներդրումներ անելու պայմանների լավարկման եւ դպրոցամերձ հողամասերում պտղատու տեսակների տնկարանների հիմնման իրագործելիությունը։

Մեր գործընկերները եւ նախագծի շահառուները ուրույն կարեւորություն են տալիս վերապատրաստումներին ու խորհրդատվական նյութերով ապահովմանը։ Իսկ հետազոտական աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով հարակայունության եռաչափ մոտեցումը՝ սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական։