Ուսումնական գործընթաց․ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դիպլոմային նախագծերը պատրաստ են պաշտպանության

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դիպլոմային նախագծերի նախնական, առցանց պաշտպանության նիստը վարում էր ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը: Ներկա էին ամբիոնի աշխատակիցները եւ Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը:

Դիպլոմային նախագծերի թեմաները վերաբերում են Արարատյան դաշտի հողերի աղակալման դեմ պայքարի միջոցառումների մշակմանը, ստորերկրյա ջրերի արդյունավետ եւ համալիր օգտագործմանը, ոռոգման ջրի հաշվառման եւ ջրաչափության, բնակավայրերի ջրամատակարարման, ջրամբարաշինության, ոռոգման նորագույն տեխնոլոգիաների նախագծման հիմնահարցերին:

Պաշտպանությանը պատրաստ 16 ավարտաճառից լսեցին ՀԲ-5 մասնագիտության չորս ուսանողի եւ մեկ մագիստրանտի ելույթները: Ակտիվ քննարկման, ճշգրտումների եւ հարցադրումների միջոցով արձանագրվեց, որ դիպլոմային նախագծերը պատրաստ են պաշտպանության:

Համեմատում եմ անցած տարվա հետ եւ հասկանում, որ մեր դասախոսների նվիրվածությունը եւ պատրաստակամությունը առցանց հարթակը ամենեւին չէր նվազեցրել, նույն եռանդով, ոգեւորությամբ աշխատել են թե սովորողները, թե նախագծի ղեկավարները:

Դեկան Արման Սիմոնյանը հորդորեց նախագծերը պաշտպանելիս շեշտը դնել հատկապես ճարտարագիտական մտածողությամբ խնդիրներ լուծելուն եւ շնորհակալություն հայտնեց դասախոսներին եւ ուսանողներին այս անսովոր պայմաններում կատարված լավ աշխատանքի համար:

Արմինե Համբարձումյան
ամբիոնի մասնագետ