Հունիսի 11-ին Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի նախաձեռնությամբ անցկացվեց ուսումնական տարվա ամփոփիչ ժողով, որին հրավիրված էին եւ սիրով մասնակցեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեկանները կամ նրանց ներկայացուցիչները:
Ֆակուլտետների, քոլեջի եւ վարժարանի ուսխորհուրդների նախագահները, ինչպես նաեւ համալսարանի ուսխորհրդի բոլոր հանձնաժողովների պատասխանատուները հանդես եկան ուսումական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները տպավորիչ են, ինչպես եւ տպավորիչ են ֆակուլտետային ուսխորհուրդների միջեւ ծավալված առողջ մրցակցությունն ու գործընկերային հարաբերությունները: Ուսանողներն իրենց ելույթներում հավաստիացնում էին, որ առաջիկայում ավելի ակտիվ գործունեություն կծավալեն եւ շնորհակալություն էին հայտնում համալսարանի ղեկավարությանը՝ աջակցության համար:
Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նշեց, որ գալիք ուսումնական տարին ուսխորհուրդը սկսելու է նոր մտքերով, որոնք ի վերջո նպատակաուղղված են լինելու մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը եւ այդ գործում մեր համալսարանի դերի էլ ավելի բարձրացմանը:
Ուսանողական խորհուրդը մշտապես եղել է ռեկտորատի, դեկանատների հուսալի գործընկերը, իսկ ընթացիկ խնդիրները լուծվել են փոխադարձ վստահության եւ ուսանողների ուսման, շահերի պաշտպանության եւ ուսանողական կյանքի հարստացման ընդհանուր նպատակներին ծառայելու պատրաստակամության մթնոլորտում: Այս առումով պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց ֆակուլտետների եւ համալսարանի ուսանողական խորհուրդների գործունեությունը՝ արժեւորելով այդ կառույցների ջանքերը նշված ուղղություններում: Նա գովեց այս հաշվետու ժողովի նախաձեռնությունը՝ առհասարակ կատարվող աշխատանքների հաշվետվողականության տեսակետից:
«Ձեզ հետ միասին մենք բազում մարտահրավերների միջով անցանք եւ պատվով հաղթահարեցինք: Շատ կարեւոր է, որ դուք պլանավորում եք ձեր աշխատանքները եւ առաջնորդվում դրանով, թեկուզեւ երբեմն հարկադրված լինելով անհրաժեշտ փոփոխություններ մտցնել: Ամեն դեպքում պետք է միշտ առաջ նայել եւ հասնել ավելիին: Շնորհակալություն ձեր արած լավ աշխատանքի համար: Առաջիկայում մեզ սպասում են նոր մարտահրավերներ ու լավ գործեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի հեղինակության բարձրացմանը, դպրոցականների մասնագիտական կողմնորոշման հարցում ակտիվության բարձրացմանը, լեզուների իմացության բարելավմանը, ագրոստարտափ թիմերի ստեղծմանը, թվային գործիքները ուսումնահետազոտական գործունեության հիմքում դնելուն եւ այլ ուղղություններում»,- ասաց ռեկտոր Ուռուտյանը՝ կոչ անելով ավելի շատ տեղեկություններ տարածել կատարվող աշխատանքների մասին, որը կհասնի դպրոցականներին եւ կնպաստի համալսարանի հեղինակության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին ուսխորհրդի ներկայացուցիչներն ու ռեկտորը քննարկեցին ընթացիկ հարցեր: