ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը գործող ագրոբիզնեսի փորձին ծանոթանալու հերթական հնարավորությունն էր ստեղծել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ ոչ միայն նրանց համար: Բաժնի աշխատակից Նաիրա Ավետյանն այս անգամ «Գործնական մեղվաբուծության» թեմայով զրուցելու համար հրավիրել էր մասնագիտությամբ երկրաբան Տիգրան Սեդրակյանին: Բանախոսի համար մեղվաբուծությունը հոբի է, ինչպես երեւաց հանդիպման ընթացքում՝ շատ մեծ հոբի:
Հանդիպման ընթացքում, որն անցկացվում էր ընթերցասրահում, պարոն Սեդրակյանն անդրադարձավ մեղվաբուծության զարմանահրաշ աշխարհին, ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրությանը՝ հատկապես երիտասարդների շրջանում: Ներկայացրեց, թե ինչն է կարևոր մեղվաբուծությամբ զբաղվելիս, ինչից պետք է սկսել, ինչի պետք է պատրաստ լինել, որոնք են մեղվապահի խնդիրները, մանրամասն ներկայացրեց մայրաբուծությունը, նոր տեխնոլոգիաները եւ այլն: Ուսանողների հետաքրքրվածությունը մեծ էր, իսկ Տիգրանը նրանց բոլոր հարցերին ոգևորությամբ էր պատասխանում:
Տիգրան Սեդրակյանը մեղվաբուծությամբ զբաղվել է մանկուց, հայրիկի հետ, որպես մեղվապահի օգնական, իսկ որպես հիմնական մեղվապահ «հանդես է գալիս» 2005թ.-ից՝ զարգացնելով ընտանեկան մեղվանոցն ու բիզնեսը: Նա ասաց, որ ունի 50-ին մոտ մեղվափեթակ եւ զբաղվում է տարատեսակ մեղվամթերքների ստացմամբ, նաև՝ մեղվի տեսակների ուսումնասիրությամբ, մեղվի բազմամայր պահման մեթոդներով եւ մեղվաբուծության մի շարք այլ մեթոդների արդյունավետության բարձրացման միջոցների կիրառմամբ:
Բանախոսը առցանց տիրույթում ներգրավված է բոլոր մեղվաբուծական խմբերում եւ ակտիվորեն մասնակցում է բոլոր նախաձեռնություններին: Ինքն էլ նախաձեռնել է անվճար սեմինարների (վեբինարների) շարք եւ հետաքրքրասերների հետ ուսումնասիրում է մեղվի զարմանահրաշ աշխարհը: Կազմակերպում է անվճար գործնական դասընթացներ իր մեղվանոցում: Համագործակցում է մի շարք պետական կառույցների հետ:
Հանդիպման ընթացքում նաև հետաքրքիր մի փաստի անդրադարձանք: Մեր հյուրը, որ երեք հրաշք փոքրիկների հայր եւ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մարտի դաշտում է եղել, կռվել ամենաթեժ կետերում (Տիգրանը խնամքով թաքցնում է այդ փաստը ու չի սիրում խոսել այդ մասին), որոշել է ուսումը շարունակել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մագիստրատուրայում, որպեսզի ավելի գիտականորեն կարողանա զարգացնել մեղվաբուծության զարմանահրաշ աշխարհը:
Համտես էլ եղավ. Տիգրանի էկոլոգիապես մաքուր մեղրը նաեւ բացառիկ համեղ էր: