Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ։
Այսօր ձեզ ողջունելու եւ շնորհավորելու շատ գեղեցիկ ու խորիմաստ առիթ ունեմ․ ՅՈՒՆԵՍԿՈ-ն հունվարի 24-ը նշում է որպես Կրթության միջազգային օր։ Տոնը միայն երկու տարվա պատմություն ունի, նշվում է սկսած 2018թ․-ից, բայց իր կարեւորությամբ եւ ընդգրկումով արդեն համաշխարհային երեւույթ է։
Ժամանակակից կրթությունը միայն դասավանդելն ու սովորելը չէ, դիպլոմն ու մասնագիտությունը չէ։ Կրթությունը մարդակենտրոն հասարակության հիմնասյունն է, քաղաքացիական առողջ դիրքորոշում կերտող կենսական ուժը։ Այդ ուժը, որ մեզ տալիս է կրթությունը, պետք է բոլորիս ուղեկցի ամբողջ կյանքում, կրթությունն է կյանքի լավ որակ ունենալու գրավականը: Համալսարանական կրթությունը հարատեւ կրթության կարեւորագույն փուլն է, ուստի մեր ուսանողների համար գրավիչ, մրցունակ, բարձրակարգ կրթական միջավայր ստեղծելը պետք է լինի մեր ամենօրյա զբաղմունքը:
Միջազգային կրթական հանրությունը, կրթությունը դիտարկելով որպես մարդկության մեծագույն վերականգնվող ռեսուրսը եւ վերահաստատելով կրթությունը որպես մարդու հիմնարար իրավունք, այս տարի տոնը նշում է «Ուսումնառություն հանուն մարդկանց, մոլորակի, բարեկեցության եւ խաղաղության» նշանաբանով։
Մենք Ագրարային համալսարանում՝ մեծ աշխարհի մեր անկյունում, հստակ կերպով ուղենշել ենք եւ անշեղորեն ընթանում ենք այնպիսի ճանապարհով, որը մոտալուտ ապագայում մեր շրջանավարտին դիրքավորելու է որպես մասնագիտական բարձունքների հասած, տեխնոլոգիապես գրագետ եւ քաղաքացիական հստակ կեցվածքով մասնագետի-քաղաքացու-անհատականության։ Այդ ճանապարհը մենք անցնում ենք մեր միջազգային գործընկերների ստվարացող շարքերի հետ միասին։
Կրթության միջազգային օրն, ահա, Ագրարայինի մեծ ընտանիքի, անցյալի ու ներկայի մեր երախտավորների, մեր ուժեղ ու գեղեցիկ ուսանողների, մեր նվիրյալ ու պրոֆեսիոնալ դասախոս-գիտնականների ստեղծարար աշխատանքը գնահատելու լավագույն առիթ է։ Եւս մեկ անգամ շնորհավորում եմ համալսարանի հանրույթին եւ հայաստանյան կրթական համակարգի բոլորի շահակիցներին։