Ապրիլի 6-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը հյուրընկալեց հերթական պատվիրակությանը, որը բաղկացած էր Կանաչ Արահետ ՀԿ-ի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» նախագծի մասնակից երիտասարդներից՝ Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերից՝ այդ թվում ՀԱԱՀ Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ներկայացուցիչներից: Կանաչ արահետի այս նախագիծն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ՝ Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանց (CENN) կազմակերպության հետ համատեղ:
Համալսարանի վերափոխման ընթացքին ծանոթանալու նպատակ հետապնդող այցը երիտասարդներն իրենք էին նախաձեռնել եւ դիմել ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնին: Համալսարանի նկատմամբ հետաքրքրության բնական աճին զուգընթաց, սա նաեւ բաժնի հետեւողական աշխատանքի արդյունքն է:
Շրջայցը մեկնարկեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, որտեղ համալսարանի կրթական, գիտական ու խորհրդատվական նորացվող ու հզորացող հնարավորություններին ծանոթացրեց ԿԶՇԿ բաժնի ղեկավար Լիանա Վարդանյանը: Այնուհետեւ հյուրերը եղան ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում՝ հարգելի պատճառով կարճ ժամանակով «խանգարելով» այդ պահին ընթացող դասերը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, ջերմատանը, Ի-Վի-էն գինու ակադեմիայի համտեսի սրահում: Իսկ բուն համտեսը եղավ Գինեդարանում. հյուրերը համտեսեցին եւ, անշուշտ, շատ հավանեցին համալսարանի «Սերունդ» կարմիր չոր գինին:
Երիտասարդները միմյանց եւ համալսարանի աշխատակիցներին հաղորդակից դարձրեցին իրենց տպավորություններին եւ վստահություն հայտնեցին, որ բարեփոխումների ճանապարհ բռնած Ագրարային համալսարանն, անկասկած, բավականին արագ տեմպերով մոտենում է իր նախանշած հեռանկարներին: Հետաքրքրական է, որ երիտասարդներից մեկը որոշում կայացրեց ընդունվել Ագրարային եւ ստանալ երկրորդ կրթություն եւ իր ինքնաբուխ որոշման մասին հայտարարեց ի լուր բոլորի: