Ի պատասխան մի խումբ աշխատակիցների` ՀԱԱՀ ռեկտորին ուղղված հարցերի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցներ ՀԱԱՀ ռեկտորին ուղղված հարցադրումներ են արել, որոնք վերաբերում են հիմնականում հարկային «խախտումներին», աշխատակիցների ամանորյա հավելավճարներին եւ հաշվետվողականությանը։

Հավանաբար, ոմանք տարօրինակ երեւակայություն, շատ ժամանակ եւ էներգիա ունեն, որոնց ճիշտ գործադրման տեղն ու իմաստը, ըստ ամենայնի,  դժվարանում են պատկերացնել։ Ինչպես երևում է՝ մեր նորարարական աշխատաոճը, բուռն թափով առաջ գնացող արմատական բարեփոխումները, համալսարանի հարաճուն հեղինակությունը Հայաստանում եւ արտերկրում՝ այս մարդկանց «ականջին ոչինչ չեն ասում»։

Մեր հետաքրքրասեր գործընկերների համար արձանագրեմ, որ համալսարանը վերջին անգամ հարկային ստուգում անցել է 2015թ․-ին եւ հարկային մարմինների կողմից արձանագրվել են խախտումներ, ըստ որի վճարվել են առաջացած տուգանքները։ 2020թ․ օգոստոս ամսին ՊԵԿ-ից ստացվել է արձանագրություն 2016, 2017, 2018, 2019 ֆինանսական տարիների ստուգում կատարելու համար։ Ի թիվս այլ խնդիրների, ՊԵԿ տեսուչների հիմնական արձանագրումը վերաբերում էր Հարկային օրենսգրքի 147 հոդվածի 1-ին կետի 24-րդ մասին և 121 հոդվածի 8-րդ կետի 2-րդ մասին, որոնք ուսանողության համակազմի 10 տոկոսից ավելիին տրամադրված ուսման վարձի փոխհատուցումներից բխող հարկերին են վերաբերում։

ՊԵԿ-ի հետ համատեղ կատարվել է հաշվետվությունների ճշգրտում և պարտավորությունների մարում։ Տեղեկությունը, որ ՊԵԿ-ի կողմից կիրառվել է տուգանք, բացարձակ սուտ է, ավելին՝ ՊԵԿ-ը ստուգումից հետո ներկայացրել է զրոյական ստուգման ակտ, որի բովանդակությանը ծանոթանալ ցանկացողները կարող են պարզապես այցելել հաշվապահություն։

Ամանորյա հավելավճարների մասին․ 2020թ․ համավարակով և Արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված՝ բավականին դժվար է եղել ուսման վարձերի հավաքագրումը։ Այդ պատճառով չի վճարվել ամանորյա հավելավճար։ Սակայն, ի տարբերություն որոշ այլ համալսարանների, որոնք հեռավար աշխատանքի ժամանակ ամիսներ շարունակ իրենց աշխատակիցներին վճարել են մասնակիորեն, Ագրարային համալսարանը պարտաճանաչորեն եւ 100 տոկոսով վճարել է և՛ աշխատակիցների աշխատավարձը, և՛ հարկերը։ Ուսման վարձերի հավաքագրման բարձր տեմպի պարագայում, իհարկե, կքննարկվի լրացուցիչ հավելավճար տրամադրելու հնարավորությունը։ Իսկ սա հնարավոր է յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում։

Բացարձակ սուտ է այն տեղեկությունը, ըստ որի բուհի ղեկավարությունը ստացել է ամանորյա հավելավճար։ Ոչ ռեկտորը, ոչ պրոռեկտորները, ոչ էլ դեկանները և ամբիոնի վարիչները չեն ստացել ամանորյա հավելավճարներ։ Դեկտեմբերին աշխատավարձի որոշակի տոկոսի չափով լրավճարներ են ստացել մեր գիտնականները՝ գիտական կենտրոնների և գիտական թեմաների աշխատավարձի ֆոնդում գոյացած խնայողությունների հաշվին։

Հաշվետվողականության մասին․ համալսարանը իր գործունեության մասին հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվություններն ու դրանց վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am): Օրենքից անտեղյակների համար հատուկ նշեմ, որ այլևս azdarar.am հարթակում տեղադրելու պայման չի գործում։ Բուհի բոլոր տեսակի հաշվետվություններով հետաքրքրվողները ընդամենը կարող են այցելել ՀԱԱՀ պաշտոնական կայք հետևյալ հղումով՝

https://anau.am/documents/reports/

Ելնելով մոլորության մեջ գտնվող մերձավորներին ելքի ճանապարհ ցույց տալու քրիստոնեական սկզբունքից, իմ պարտքն եմ համարում մեր մի խումբ հարգելի գործընկերներին բարի խորհուրդ տալ․ ձերբազատվեք մութ սենյակում սեւ կատու փնտրելու սին զբաղմունքից, մանավանդ՝ ինքներդ էլ գիտեք, որ այդ կատուն չկա։ Դրա փոխարեն իմաստավորեք ձեր կյանքը աշխատանքով, արժեքների դավանելով ու արժեք ստեղծելով։ Միացեք բարեփոխումների ընդհանուր գործընթացի մաս կազմելու բավականությանն ու պատասխանատվությանը, վայելեք ամենաարագ եւ ամենախորքային բարեփոխումներ իրականացնող համալսարանի համբավը եւ նպաստեք այդ համբավի ամրապնդմանը։ Իսկ խնդիրները միասին ենք լուծում՝ այսօրվա Ագրարային համալսարանին բնորոշ բաց, թափանցիկ աշխատաոճով, նոր սերնդի կրթական ու քաղաքացիական շահերի գիտակցումով ու դրանց գործադրմամբ։

Վարդան Ուռուտյան