Դրամագիտական էքսկուրսիան տպավորիչ և օգտակար էր ուսանողների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողները և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը հերթական արտագնա դասը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում:

Ուսանողներին ամփոփ ներկայացվեց երկրի գլխավոր դրամատան գործունեությունը, ցուցադրվեցին տարբեր տարիների թողարկված հուշադրամները, թղթադրամներն ու հուշամեդալները:

Ապագա ֆինանսիստներն իրենց գիտելիքներին հաղորդակից դարձրեցին ԿԲ Այցելուների կենտրոնի համակարգող-էքսկուրսավարին և մեծ հետաքրքրությամբ լսեցին գնաճի մասին նյութը, իսկ հետո իրար լրացնելով քննարկում ծավալեցին դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի ու գնաճի առաջացման պատճառների շուրջ:

Վերաֆինանսավորում, վարկավորում, ավանդների ներգրավում, խնայելու մշակույթ, երրորդ սերնդի թղթադրամների պաշտպանական հատկանիշներ և պատմական դրամագիտական ակնարկ. սրանք էին հիմնական թեմաները, որոնց մասին խոսվեց ֆինանսական շրջայցի ընթացքում:

Ուսանողները տպավորված էին պատմական շենքում տեղակայված փողի թանգարանի հագեցվածությամբ և ստացած տեղեկատվության բովանդակությամբ: