ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ, ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը եւ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի համակարգող, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանը Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակում 2022 թ․-ի հունվարի 17-21-ը մասնակցել են Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցած «ECTS/Թյունինգ շրջանակ» խորագրով վերապատրաստման ծրագրին։ Մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հայկական եւ ռուսական բուհերը։ Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել էր ծրագրի համակարգող համալսարաններից մեկը՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը, իսկ այն վարում էին գործընկեր բուհերից Դրեզդենի տեխնիկական համալսարանը, Ռիգայի տեխնիկական համալսարանը եւ Լիվերպուլի Ջոն Մուրես համալսարանը։
Մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիրը հագեցած էր․ թեմանրեն ընդգրկում էին շնորհանդեսներ պատրաստելը եւ ներկայացնելը, ուղեկցող նամակ եւ մոտիվացիոն նամակ գրելու տեխնիկաները։ Ներկայացվեցին Ռիգայի տեխնիկական համալսարանում դասավանդվող «Թվային հումանիտար գիտություններ» նոր առարկայի, ինչպես նաեւ ECTS/Թյունինգ շրջանակի նպատակները, խնդիրները եւ կրթական վերջնարդյունքները, ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքները։
Լիվերպուլի Ջոն Մուրեսի համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձան ուսումնական պլանի նախագծմանն ու կրթական վերջնարդյունքներ գրելուն։ Ներկայացվեց այդ համալսարանի որակի եւ ստանդարտների շրջանակը եւ քննարկվեց ներքին/արտաքին մոդերատորների դերը։
Ծրագրի ավարտին մասնակիցները հանձնեցին մեկ շաբաթվա համար հանձնարարված գործնական առաջադրանքները։
Պարոն Ամիրյանը եւ տիկին Հայրապետյանը առաջիկայում ՀԱԱՀ գործընկերներին հաղորդակից կդարձնեն SMARTI ծրագրի շրջանակում իրականացված հագեցած ու արդյունավետ վերապատրաստումից ձեռք բերած փորձին։