Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ:
Այս պահին գտնվելով գործուղման մեջ, հեռվից, բայց սրտի ամբողջ ջերմությամբ բոլորիդ շնորհավորում եմ հայ իրականության ամենաընդունված, ամենասիրված տոներից մեկի՝ Ուսուցչի օրվա առթիվ, տոն, որը վաղուց է հատել «մասնագիտականի» սահմանները եւ դարձել համազգային:
Մեր երիտասարդ, դեռեւս կայացող, դարի ու դարաշրջանի մարտահրավերների հերթական պատմական թնջուկը հաղթահարող անկախ պետականությունն առայժմ դեռ դեմքով դեպի իր ուսուցիչը չի կարողանում դառնալ: Սակայն ուսուցչի ազնվական կերպարը, մտավորականի, այսինքն միտք կերտողի առաքելությունն ու դաստիարակի՝ երկրորդ ծնողի դիրքը մեզանում գնահատվել, հարգանքի ու պատկառանքի է արժանացել միշտ՝ հայ ժողովրդի գոյության հազարամյակների ընթացքում:
Վստահ եղեք, որ ձեր անձի ու ձեր առաքելության հանդեպ այդ հարգանքից ու պատկառանքից ոչինչ չի պակասել: Մենք Ագրարային համալսարանում մշտապես բարձր ենք գնահատել եւ գնահատում այն կարեւորագույն առաքելությունը, որ վարժարանի մանկավարժական հանրույթը նվիրումով կատարել է կրթօջախի գրեթե քառորդ դարի պատմության ընթացքում:
Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ այսօր վարժարանը ոչ միայն ստեղծում-պատրաստում է համալսարանի տարբեր մասնագիտությունների գծով ուսանողական համակազմի կորիզը, այլեւ մեզ է փոխանցում երկրի քաղաքացի, երկրի տեր երիտասարդների: Այսպիսի համակազմի հետ աշխատելը, նրանց որպես այսօրվա ու վաղվա տեխնոլոգիական հեղափոխությանն ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին պատրաստ մասնագետ-քաղաքացիներ դաստիարակելը մեզ համար դառնում է լավագույն հնարավորությունը՝ շարունակելու ձեր հաճելի, դժվարին ու պատվաբեր առաքելությունը:
Տոնի առթիվ եւ առհասարակ մաղթանքս է, որ նախ եւ առաջ երբեք հարկադրված չլինեք ձեր սաներին պատերազմ ուղարկել: Եղեք առողջ, թող խաղաղությունը, ներդաշնակությունն ու ստեղծարար միտքը թեւածեն մեր երկրում, մեր վարժարանում եւ ձեր ընտանիքներում ու հոգիներում: Պահեք ու պահպանեք այն գեղեցիկ ու առողջ փոխհարաբերությունները, որ ձեզ հաջողվել է ստեղծել աշակերտների, ծնողների, համալսարանի տարբեր ստորաբաժանումների հետ եւ անշուշտ՝ վարժարանի ղեկավարության ու մանկավարժական հանրույթի միջեւ:
Շնորհավոր Ուսուցչի օրը: