Հայաստանը կունենա կենսաբազմազանության թվային տվյալներ

Հայաստանը ագրոկենսաբազմազանության ծագման համաշխարհային նշանակության կենտրոններից է՝ բազմաթիվ տեղածին օրգանիզմներով եւ աշխարհում հայտնի բույսերի վայրի ազգակիցներով ու մշակովի բույսերով։ Դրանց հայտնաբերումը, գույքագրումը, պահպանումը եւ ուսումնասիրությունը շատ կարեւոր է դրանց հատկանիշների պարզաբանման ու գենետիկակական կիրառելիության առումով:

Դեկտեմբերի 16-ին ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորություն» ծրագրի բացումը՝ հիբրիդային եղանակով: Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի եւ Կենդաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի, Գյումրիի սելեկցիոն կայանի, ՀԱԱՀ գիտական կենտրոնների, գյուղատնտեսական ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀԱԱՀ դեկաններ, ամբիոնների վարիչներ, ուսանողներ եւ բնասերներ: Առցանց միացել էին Դանիայից Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ/GBIF) միջկառավարական միջազգային կառույցի գլխավոր քարտուղարության պատվիրակության ներկայացուցիչ դոկտոր Դմիտրի Շիգելը, Ֆրանսիայից ԳԿԻՄ-ի ազգային ներկայացուցիչներ:

Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԱՀ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, Դանիայից ԳԿԻՄ քարտուղարության ներկայացուցիչ Դմիտրի Շիգելը եւ ԳԿԻՄ Ֆրանսիայի ազգային ենթակառույցի աշխատակից Սոֆի Պամերլոնը: Արտերկրի գործընկերները հանդես եկան նաեւ շնորհանդեսով՝ ընդգծելով ԳԿԻՄ-ին Հայաստանի անդամակցության կարեւորությունը եւ կենսաբազմազանության տվյալների թվայնացման հնարավորթյունները գիտության միջազգայնացման համար։

ՀԱԱՀ կարողությունների զարգացման աջակցություն ենթադրող դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու է ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի» գիտական կենտրոնը՝ Գիտական ծրագրերի համակարգման բաժնի վարիչի տեղակալ եւ ԳԿԻՄ-Հայաստանի ազգային ենթակառույցի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ:

Տիկին Աբրահամյանը հանդես եկավ «ԳԿԻՄ Հայաստան-Ֆրանսիա մենթորություն» ծրագրի ներկայացմամբ։ Կենսաբազմազանության տվյալների թվայնացումը հրատապ է այն առումով, որ չնայած մեզանում բազմաթիվ գիտական եւ գիտահասարակական կազմակերպությունների ամենօրյա աշխատանքին, բազմաթիվ գենբանկերի եւ դրանցում պահպանվող նմուշների առկայությանը՝ դրանք այնքան էլ հասանելի չեն միջազգային գիտական եւ հասարակական հանրությանը, նշեց տիկին Աբրահամյանը: ԳԿԻՄ-ի անդամակցությունը կարեւոր է Հայաստանի կենսաբազմազանության տվյալների թվայնացման, դրանց ճիշտ կառավարման եւ հասանելության աստիճանը բարձրացնելու տեսանկյունից: «Ճշգրիտ տվյալները հիմք են հանդիսանում ճշգրիտ գիտության եւ ապագայում կեսնաբազմազանության պահպանության վերաբերյալ ճիշտ քաղաքականություն մշակելու համար», – նշեց տիկին Աբրահամյանը:

ՀԱԱՀ-ի, Շրջակա միջավայրի նախարարության եւ միջազգային կառույցների համագործակցության շնորհիվ Հայաստանը 2020 թ-ից անդամակցում է ԳԿԻՄ-ին։ Ծրագրի շրջանակում կստեղծվի ազգային կայք, կթվայնացվեն ԳԿԻՄ Հայաստանի աշխատակազմի եւ ազգային շահակիցների տվյալները:

«Այն յուրահատուկ բաց եւ հասանելի հարթակ կարող է դառնալ գենետիկական կենսաբազմազանության պահպանման եւ հետազոտությայամբ զբաղվող յուրաքանչյուր կազմակերպության եւ անհատի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում», ասում է Արմինե Աբրահամյանը։

Մասնակիցները մեծապես հետաքրքրված են ծրագրով եւ ցանկություն հայտնեցին ընդգրկվել։