ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Հարգելի ուսուցիչներ, սրտանց եւ երախտագիտության զգացումով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այն Հայաստանում նշում ենք ՅՈՒՆԵՍԿՈ-ի սահմանած՝ Ուսուցիչների համաշխարհային օրը՝ hոկտեմբերի 5-ին։

Ուսուցչի աշխատանքը ոչ միայն սերունդներին գիտելիքներ փոխանցելն է. այն նաեւ հասարակական հարաբերությունների ապագայի վրա հսկայական ազդեցություն ունենալու առաքելություն է։

Գեղեցիկ տոնն այս տարի նշանավորվում է Ագրարային համալսարանի եւ հանրակրթական դպրոցների միջեւ համագործակցության նոր բարձրունքի նվաճումով, որը ուսուցիչների աշխատանքի յուրատեսակ գնահատանք է։ Մասնավորապես, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացն ավարտած շրջանավարտները բակալավրի կրթական ծրագրով կարող են ընդունվել ՀԱԱՀ եւ ՀԱԱՀ-ի մասնաճյուղերի հեռակա ուսուցման համակարգ՝ առանց քննությունների։ Նույն արտոնությունը ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է նաեւ ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի շրջանավարտների համար։ Սա բուհ-դպրոց բովանդակային կապի ամրապնդման եւ ագրարային մասնագիտությունների աճող պահանջարկը համատեղ ուժերով բավարարելու կարեւոր քայլ է։

Ուսուցչի դերը հատկապես կարեւոր է այսօր՝ երբ մեր երկրին խիստ անհրաժեշտ են գիտելիքով զինված, ժամանակակից աշխարհին համընթաց քայլող ու հայրենի հողին նվիրված մասնագետներ։

Հարգարժան ուսուցիչներ, վարժարանի մեր սիրելի գործընկերներ, մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ սեր ու նվիրում ձեր վեհ առաքելությանը։

Շնորհավոր Ուսուցչի օրը։