ՀԱԱՀ ռեկտորը Թումո լաբերի սաներին ներկայացնում է ագրոթեք ոլորտը

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 5-ին հանդիպեց Թումո լաբերի կրթական ծրագրերում ընդգրկված մի խումբ դպրոցականների եւ ուսանողների հետ եւ խոսեց Հայաստանում ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունների մասին։ Հանդիպումը կայացավ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում, ամերիկյան Arable Labs ընկերության նեկայացուցիչ Լեւոն Մինասյանի հրավերով, որն Ագրարայինում սեմինարների շարք է անցկացնում մեր գործընկեր Թումո լաբերի սաների համար։ Լեւոնը հայրենիքում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ եւ Թումոյի պատանիներին հաղորդակից է դարձնում արդիական այնպիսի թեմաների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, սննդամթերքի թափոնները, անտառային հրդեհները եւ այլն։

Ռեկտոր Ուռուտյանի բանախոսությունը, որ ուշադրությամբ ունկնդրեցին թումոյականները, վերաբերում էր ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող փոխակերպումներին, ոլորտի առջեւ դրված խնդիրների թվային լուծումներին, ագրարային մասնագիտությունների հեռանկարայնությանն ու Ագրարային համալսարանում որպես վաղվա մասնագետ կայանալու աննախադեպ հնարավորություններին։ Այս հանդիպումը երիտասարդների համար, որոնցից միայն մեկն էր մինչ այդ եղել մեր համալսարանում, բացեց ագրարային ոլորտի ամենաանմիջական ու սերտ կապը նորագույն տեխնոլոգիաների հետ։ Ավելին, ագրարային ոլորտի զարգացումն աշխարհում այսօր արդեն դժվար է պատկերացնել առանց իրերի համացանցի, ճշգրիտ, ուղղահայաց, վերականգնվող գյուղատնտեսության, ագրոբոտների եւ ագրոանօդաչուների, արհեստական բանականության եւ մեծ տվյալների մշակումների․․․

Թումոյականների համար «անսպասելի» պատկեր ուրվագծվեց․ գյուղատնտեսությունն այսօր մեծապես կախված է թվային տեխնոլոգիաներից, ծրագրավորումից, ագրոդրոններից ու այլ տեխնոլոգիաներից, որոնք գալիս են հիմնարար մասնագիտական գիտելիքների ու հմտությունների հետ ներդաշնակ կերպով կերտելու ոլորտի վաղվա օրը։ Այս հանգամանքի վրա երիտասարդների ուշադրությունը հրավիրեց նաեւ Լեւոն Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով ռեկտոր Ուռուտյանին բանախոսության եւ խիստ հետաքրքիր տեղեկություններ փոխանցելու համար։