Էրազմուս+ ՀԳ1 ծրագրով ս/թ հունիսի 16-20-ին յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել ՀԱԱՀ երկարատեւ եւ հավատարիմ գործընկեր Արեւմտյան Ատիկայի համալսարանում։ Հիմնական նպատակը ակադեմիական դասախոսություններն էին եւ մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացումը տարբեր համալսարաններից ու երկրներից ժամանած մասնակիցների համար։
Այս միջազգային շաբաթին ՀԱԱՀ-ից մասնակցեցին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը եւ ասպիրանտներ Ստեփան Դավթյանն ու Ռազմիկ Դանիելյանը։
Ծրագիրն առանձնանում էր իր համակցված ձեւաչափով՝ ներառելով թե՛ դասավանդում, թե՛ վերապատրաստում եւ ընդգրկելով ինչպես գիտական ղեկավարների, այնպես էլ նրանց ասպիրանտների մասնակցությունը։ Մասնակիցների թվում էին նաեւ պատվիրակություններ Ուկրաինայից, Մոլդովայից եւ Վրաստանից՝ շուրջ 25 պրոֆեսորներ եւ ասպիրանտներ։
Հատուկ նշանակություն ուներ առաջին օրվա նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի դոկտորական ծրագրերի կոմիտեի ղեկավար, պրոֆ. Մարիա Ռաուսին։ Նրա զեկույցը վերնագրված էր՝ «Թեկնածուական ատենախոսությունների ուսումնական ծրագրերը Արեւմտյան Ատիկայի համալսարանում, ներկա վիճակը եւ մարտահրավերները»։
Մեր համալսարանականները հանդես եկան չորս ակադեմիական դասախոսություններով Արեւմտյան Ատիկայի համալսարանի դասախոսական կազմի եւ ասպիրանտների համար։ Միաժամանակ անցկացվեցին մասնագիտական վերապատրաստման դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում մաթեմատիկական մոդելավորման վերաբերյալ՝ կենտրոնանալով բերքի կանխատեսման մոդելների վրա։ Կայացան հանդիպումներ ճարտարագիտական ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ ապագա համագործակցության հնարավորությունների շուրջ։ ՀԱԱՀ պատվիրակությունը հանդիպեց հյուրընկալող համալսարանի ճարտարագիտության ոլորտի պրոֆեսորների հետ, որոնցից երկուսը շուտով (հերթական անգամ) կլինեն մեր համալսարանում։
Այցի ընթացքում համեմատական վերլուծություն կատարվեց ՀԱԱՀ-ի եւ Արեւմտյան Ատիկայի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետների ուսումնական ծրագրերի միջեւ։ Նշվեց, որ Արեւմտյան Ատիկայի ճարտարագիտական ֆակուլտետում ուսանողները մաթեմատիկա են ուսումնասիրում հինգ կիսամյակ, մինչդեռ ՀԱԱՀ-ում՝ երկու։ ՀԱԱՀ պատվիրակներն ուսումնասիրեցին նաեւ որակի ապահովման մեխանիզմները եւ ծանոթացան համալսարանի ուսուցման եւ ուսումնառության գերազանցության կենտրոնի գործունեությանը, մասնակցեցին «Ուսուցման ապագայի նախագծումը» խորագրով ինտերակտիվ աշխատաժողովին, որի ընթացքում ասպիրանտ Ռազմիկ Դանիելյանը ներկայացրեց ուշագրավ զեկույց՝ արժանանալով բարձր գնահատականի։ Առաջարկվել է ուսումնական դասընթացի մոդել՝ մշակված մաթեմատիկական մոդելավորման եւ արհեստական բանականության կիրառմամբ՝ աճեցման շրջանի ավարտից առաջ առավելագույն բերքատվության կանխատեսման նպատակով։
Ըստ մասնակիցների, այցն էապես նպաստեց երկկողմ ակադեմիական հարստացմանը եւ գիտելիքների փոխանակմանը։ Այն ամրապնդեց հաստատութենական կապերը եւ ընդգծեց հետազոտությունների ու ակադեմիական շարժունակության ոլորտում հետագա համագործակցության ներուժը։
Այս հրավերը եւ այցը եւս մեկ անգամ փաստեց, որ դեռ 2017 թ․-ին ստեղծված կապերը մեր երկու համալսարանների միջեւ կայունացել են եւ դարձել հետաքրքիր երկու կողմերի համար։