ՀԱԱՀ դասախոսի հագեցած աշխատանքային շաբաթը Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանն Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում դասավանդման նպատակով դեկտեմբերի 13-ից 17-ը եղել է Արեւմտյան Ատիկայի համալսարանում:

Մեր գործընկերոջ խոսքով աշխատանքային շաբաթը հագեցած ու օգտակար է եղել. առաջին օրը Հայաստանի, Ալբանիայի, Կոնգոյի, Տանզանիայի եւ Քենայի մասնակիցների համար հանդիպում է կազմակերպվել հյուրընկալող բուհի միջազգային կրեդիտային շարժունության գրասենյակում, որին հաջորդել է ճանաչողական շրջայցը Ձիթապտղի հին պուրակում գտնվող համալսարանական 2-րդ տարածքում: Դրանից հետո ՀԱԱՀ դասախոսը ճարտարագիտական նախագծերի տնտեսական արդյունավետության թեմայով աշխատանքային քննարկում է ունեցել մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսի հետ, որն այս տարվա ամռանը եկել էր ՀԱԱՀ, իսկ ավելի ուշ մեկ այլ պրոֆեսորի՝ Յիանիս Սիգալասի ուղեկցությամբ այցելել է համալսարանի ինժեներական լաբորատորիաներ՝ տեղում տեսնելու եւ համեմատելու կրթական հնարավորությունները:

Հաջորդ օրը նախատեսված է եղել դասախոսության համար. երիտասարդ դասախոսը գործընկեր բուհի պրոֆեսոր Արեւմտյան Ատիկայի համալսարանի Էլենի Տուրնայի լսարանում «Բիզնես կառավարում» մասնագիտության 80-ից ավելի ուսանողներին ներկայացրել է ֆինանսների կառավարման եւ գյուղատնտեսության վարկավորման առանձնահատկությունները:

Շարժունության երրորդ օրը պարոն Տոնիկյանը պրոֆեսոր Ալեքս Սախինիդիսի լսարանում նույն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների համար դասախոսություն է անցկացրել բանկերի կորպորատիվ կառավարման եւ դրա արդյունավետությունը պայմանավորող հիմնական սկզբունքների մասին:

Օրվա վերջում Էրազմուս+ գրասենյակի նիստերի դահլիճում ծրագրի մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային շարժունության հնարավորությունները եւ ներկայացրել իրենց բուհերը՝ պահպանելով միջմշակութային հաղորդակցության կարեւոր սկզբունքները:

Մյուս օրը էրազմուսցիները ճանաչողական շրջայց են կատարել Արեւմտյան Ատիկայի համալսարանի՝ Էգալեոյի պուրակում գտնվող համալսարանական 1-ին տարածքում, որի ընթացքում եղել են գրադարանում եւ գինեգործական արտադրամասում:

«Չնայած այն բանին, որ այս շարժունությունը համավարակի պատճառով դեռ անցած տարվա մայիսին հետաձգվել էր, այդուհանդերձ, շատ սպասված էր ծրագրի բոլոր մասնակիցների համար.  ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների հետ դեմառդեմ շփումներն ու քննարկումներն ավելի արդյունավետ են դարձնում որեւէ նպատակային գործողություն»,- նշել է Արման Տոնիկյանը:

Աշխատանքային շաբաթն ամփոփվել է կարծիքների ներկայացմամբ, միջազգայնացման  նոր հնարավորությունների քննարկմամբ, միջմշակութային տպավորությունների արտահայտմամբ եւ կոնտակտային տվյալների փոխանակմամբ: