Երեկ՝ փետրվարի 12-ին, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողները «Օրգանական գինեգործություն» առարկայի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել «Ալլուրիա վայնս» ընկերություն, որը հայտնի է որպես խաղողի «Հաղթանակ» եւ «Կարմրահյութ» մշակաձեւերի վայրի խմորմամբ բարձրակարգ գինու ապրանքանիշի արտադրող։ Ընկերությունը 2016 թ․ հիմնադրել են Մաչանյան եղբայրները՝ Վաղարշապատ քաղաքում։ Երեք եղբայրներից երկուսը Ի-Վ-Էն գինու ակադեմիայի շրջանավարտներ են։
Ուսանողներին ուղեկցում էին բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտներ Էլինա Գրիգորյանը եւ Արմեն Սոլոմոնյանը։
Ընկերության աշխատակիցները սիրով են դիմավորել մեր երիտասարդներին: Նրանց ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել, իրազեկվել են արտադրության բոլոր փուլերի տեխնոլոգիայի եւ առանձնահատկությունների մասին:
Իսկ այցը ամփոփվել է գինու հինգ տեսակի համտեսով: Հայտնի ճշմարտություն է՝ համտեսն էլ, գինի արարելու պես, արվեստի տեսակ է, որը պետք է կարողանաս գեղեցիկ անել…
- 13/02/2024
- 2024