Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ նվիրված միջին մասնագիտական կրթության 0811.01.5 «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության 0811.01.01.5 «Գյուղատնտես» որակավորմանը։ Հանդիպմանը ներկա էին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրեն Կարինե Միքայելյանը, Սպիտակի պետական քոլեջի տնօրեն Մարիետա Բաղրամյանը, Նոր Գեղիի Ակ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Խաչատրյանը, ՀԱԱՀ նախկին ռեկտոր Արմեն Խաչատրյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթեւիկ Գասպարյանը։ Ագրարային համալսարանը ներկայացնում էին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը:
Պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը նկատեց․ «Գործող «գյուղատնտես» որակավորումը հասկանալի չէ․ մասնագիտության նկարագրից ակնհայտ է դառնում, որ նշված մասնագետը ագրոնոմն է։ Այսօր հավաքվել ենք, որ հաստակեցնենք «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության անվանափոխության եւ աշխատաշուկայի համար հասկանալի դարձնելու հարցը»:
Քննարկման մասնակիցները կողմնակից են անվանափոխությանը, ընդ որում քննարկվում էր երկու մոտեցում․ գործատուների շրջանում մասնագիտության անվանման ընկալելիության բարձրացման նպատակով առաջարկվում է այն վերանվանել «Ագրոնոմիա», իսկ որակավորումը՝ «ագրոնոմ» եւ ունենալ երկու որակավորում՝ ագրոնոմ դաշտավար եւ այգեգործ, կամ՝ մասնագիտությունների ցանկից հանել «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությունը, փոխարենը ներդնել երկու մասնագիտություն՝ «Ագրոնոմիա» եւ «Այգեգործություն»։ Որպես քննարկման արդյունք՝ հաստատվեց առաջին տարբերակը։ Որոշվեց, որ շահակից կողմերից յուրաքանչյուրը ՀԱԱՀ կներկայացնի գրավոր հիմնավորում, իսկ արդեն պատրաստի փաթեթը ՀԱԱՀ-ն կներկայացնի ԿԳՄՍ նախարարություն։ Առաջարկվող նոր որակավորումների չափորոշիչները կմշակվեն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ կառաջարկվի ներդնել «Այգեգործ» որակավորման համար դուալ կրթական ծրագիր։
ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթեւիկ Գասպարյանն առաջարկեց ստեղծել ըստ ոլորտային ուղղություններ, ընդ որում ՀԱԱՀ-ն կհամակարգի ՄԿՈՒ ոլորտում գյուղատնտեսական ծրագրեր իրականացնող հաստատությունների աշխատանքը, կաջակցի մեթոդապես եւ որպես ագրարային ոլորտի միակ բուհ, իր ուսերին վերցնի ՄԿՈՒ ոլորտի մասնագիտությունների վերանայման գործընթացը։
Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ աշխատանք գտնելու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: