Ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհու խոսքերն են՝ ուղղված դեկանին, դասախոսներին, համալսարանի ղեկավարությանը եւ, անշուշտ, աշխատանքային կիսամյակի անցկացման վայրերի աշխատակազմերին: Մյուս բոլոր երիտասարդների խոսքից եւս ակնհայտ էր՝ գոհ են եղել աշխատանքային այս շատ կարեւոր փորձառությունից: Գոհ են ուսանողները, դասախոսները, դատելով կիսամյակի ամփոփիչ գնահատականներից (ընդհուպ ամենաբարձր՝ 100)՝ գոհ են եղել նաեւ ընդունող ընկերությունները:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, բակալավրիատի ԲՊ մասնագիտության 4-րդ եւ հեռակա համակարգի 5-րդ եւ 6-րդ կուրսեցիները պաշտպանում էին իրենց աշխատանքային կիսամյակի հաշվետվությունների երկրորդ փուլը (գյուղատնտեսական աշխատանքների սեզոնայնությունն է առանձնահատկության պատճառը): Դեռ առաջին փուլում՝ ամռան սկզբին, նրանք եռանդով, խանդավառությամբ ու նվիրումով լծվել էին գործի, եւ այն ժամանակ արդեն շատերին հիմնական աշխատանքի էին ընդունել:
-Ցավոք, քիմիայից խոր գիտելիքներ չունեմ, բայց ընկերության գլխավոր քիմիկոսն ամեն ինչ արեց, որ կիրառական գիտելիքներ կուտակեմ,-ասում է ուսանողուհին, որը, իր համակուրսեցիների պես, մասնակցել է բերքահավաքի աշխատանքներին, պայքարել է վնասատուների դեմ:
-Ի՞նչ եք առաջարկել խխունջների դեմ պայքարի համար,-հարցնում է ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը եւ ակնհայտորեն գոհ է մնում ուսանողի պատասխանից:
Երիտասարդների թարմ հայացքն էլ օգնել է, որ խելամիտ-իրատեսական եզրակացությունների հանգեն եւ կիրառելի-պիտանի առաջարկություններով հանդես գան: Նրանք արդեն կուտակել են ավարտաճառերի «սեւ նյութը» հիմա վերլուծությունների նույնքան հետաքրքիր ժամանակն է սկսվում:
Հաջորդ շաբաթվա սկզբին հաշվետվությունները կպաշտպանեն ագրոնոմիականի մյուս մասնագիտացումների սաները: