Ուռուտյան Վարդան Էդիկի

0 Shares

Ռեկտոր (նախագահ)&

Ուռուտյան Վարդան Էդիկի

Ծնվել է 1977 թ.

Ռեկտոր (նախագահ)

Կենսագրություն

Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: 1994թ. ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1999թ. գերազանցությամբ ավարտել է վերանվանված Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ. եղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002թ. հաջողությամբ պաշտպանելով «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» թեմայով ատենախոսությունը, ավարտելով ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2003թ. ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր: Վ. Ուռուտյանը մշտապես զբաղվել է գիտելիքների կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ: Բազմիցս գործուղվել է եվրոպական և ամերիկյան համալսարաններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: 2008թ. ավարտել է Տեխասի A&M համալսարանում կազմակերպված «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011թ.՝ Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը:

2000թ. սեպտեմբերից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Ագրոբիզնեսի դեպարտամենտ) որպես դասախոս և հետազոտող: 2005թ.-ից նշված կենտրոնի (դեպարտամենտի) փոխտնօրեն էր, իսկ 2007թ. սեպտեմբերից՝ տնօրենը: Գերազանց տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն): Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին՝ որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող:

2007թ. Վ. Ուռուտյանը ստացել է դոցենտի կոչում, իսկ 2010թ. փետրվարից Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր է: 2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ: Վ. Ուռուտյանը անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):

Վ. Ուռուտյանը հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի: 2002թ. դեկտեմբերին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և 2005թ. մայիսին դեսպան Ջոն Էվանսը Վ. Ուռուտյանին պարգևատրել են գնահատանքի հավաստագրերով: 2011թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015թ.՝ ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի: