Որ հացն առատ լինի, հողը՝ պարարտ. Լույս է տեսել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի 1-ին համարը

CrossRef միջազգային մատենագիտական համակարգին միացած պարբերականի այս թողարկումը ներառում է թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI) կրող 21 հոդված:

Թե որքան «կծարավեն» բանջարային, հացահատիկային մշակաբույսերն ու բազմամյա տնկարկները, գիտեն ջրային ռեսուրսների կառավարման մասնագետները. եղանակային պայմանների և ջրի պահանջի փոփոխության տարբեր սցենարներ են դիտարկել:

Թե խոփն ինչպես է ներգործում հողի և սերմնահատիկի վրա, տեսականորեն հիմնավորել և հացահատիկի ցանքի նոր տեխնոլոգիա են մշակել ճարտարագետները:

Որպեսզի հացն առատ լինի, տնտեսության արդյունավետ վարում է անհրաժեշտ՝ բերքատվության և շահութաբերության մակարդակի բարձրացում, մրցունակության ապահովում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում: Շիրակի մարզում կլաստերային մոդելի գործարկման օրինակով տնտեսագետ հոդվածագիրները վստահեցնում են, որ մոդելի կիրառումը երկրի ագրարային քաղաքականության առանցք կարող է դառնալ: Մեկ այլ հեղինակի կարծիքով՝ հանրապետության հողերի փոխակերպման հիմնախնդիրը պետք է սկսել լուծել  ոլորտը կարգավորող օրենքների վերանայումից:

Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում կենսածին ֆոսֆոր պարունակող ապարներից պարարտանյութի ստացման նոր եղանակ են մշակել: Համոզված են՝ ամենալայն կիրառություն ստացած սուպերֆոսֆատներից ավելի արդյունավետ է ներգործում:

Նախորդ երկու և առաջիկա երեք տարիներին պետությունը տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսությունների աջակցության ծրագիր է իրականացնում. մեր գիտնականները տոհմասելեկցիոն աշխատանքների լուրջ հայտ են ներկայացրել՝ բարձրացնել մսային, կաթնային և բրդային մթերատվությունը:

Կաթնամթերքի մշակման երկու առաջարկ-հոդված են տրամադրել սննդամթերքի տեխնոլոգները. մի դեպքում պանրիկների արտադրությունում վարդաթուզ (ֆեյխոա) են ավելացրել, մյուսում՝ կաթնաշոռը հարստացրել ձիթապտղի յուղով:

Նշված և այլ հետաքրքիր բացահայտումներին և նորարարական առաջարկներին ծանոթացեք «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի անդրանիկ համարում: Հաջորդիվ՝ անգլերեն թողարկումը: