Մեծամորցի դպրոցականները մասնագիտական կողմնորոշման էին եկել

Հունվարի 19-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը սկսեց ՀԱԱՀ-ում ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման հերթական «սեզոնը». առաջինը համալսարան այցելեցին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները:

Համալսարանին ծանոթությունը երեխաների համար սկսվեց Ագրոտեխնոլոգիաների նորաբաց ինկուբատորում՝ շարունակական կրթության առաջատար մասնագետ Անի Հովակիմյանի օգնությամբ: Համալսարանի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի մասին հակիրճ խոսքից հետո Անին երեխաներին ցուցադրեց 2020թ. ընթացքում ՀԱԱՀ-ում շարք մտած ուսումնահետազոտական, լաբորատոր ու տեխնոլոգիական ենթակառույցների մասին պատմող տեսահոլովակը:

Այնուհետեւ դպրոցականները եղան ընդհանուր քիմիայի և սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիաներում, ուսումնափորձարարական նորարարական ջերմատանը, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, գինեդարանում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, որտեղ, ի դեպ, տեսան ուղղահայաց գյուղատնտեսության փոքրիկ, բայց ուշագրավ անկյունը:

Մեծամորցի երեխաների հետ միասին շրջայցին մասնակցեցին նաեւ ՀԱԱՀ-ի Սիսիանի, Վանաձորի եւ Շիրակի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Ինչպես նշեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, մասնաճյուղերի ներկայացուցիչները նաեւ կստանան անհրաժեշտ նյութերի փաթեթներ, որոնք կօգտագործվեն տեղերում դպրոցականների մասնագիտական կողմնորոշման այցելություններ եւ այլ աշխատանքներ կազմակերպելու նպատակով: Հաշվի առնելով համավարակով եւ ռեսուրսային սահմանափակումներով պայմանավորված իրավիճակը, սա աշխատանքի նոր, միանգամայն արդարացված ձեւաչափ է:

Մեծամորցի դպրոցականները շատ տպավորված էին այն ամենով, ինչ տեսան Ագրարային համալսարանում. թե նրանք եւ թե նրանց ուղեկցող մանկավարժները չէին թաքցնում, որ իրենց համար անսպասելի էր տեսնել արդիական կրթության նման հնարավորություններ եւ ուսուցման նման միջավայր: Մեզ համար էլ անսպասելի չէր նրանց այսպիսի արձագանքը, քանզի Ագրարայինում տեղի ունեցած վերափոխումները ընդամենը վերջին մեկ-երկու տարվա իրողություն են:

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն այս տարի նախատեսել է իրականացնել հանրակրթական հաստատությունների սաների մասնագիտական կողմնորոշման ինտենսիվ աշխատանքներ, ներառյալ տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի բազմաթիվ դպրոցականների այցելություններ ՀԱԱՀ-ի մասնաճյուղեր: Նոր ու հետաքրքիր մոտեցումներից մեկն էլ յուրաքանչյուր ուրբաթ Բաց դռների օր անցկացնելն է: