Հուշագիր շինշիլաբուծության հեռանկարային ճյուղի զարգացման վերաբերյալ

0 Shares

Հունվարի 24-ին ՀԱԱՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրեցին Հայաստանի ազգային ագրարայն համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊ ընկերության տնօրենի տեղակալ Ավետիք Իսահակյանը,  եւ Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամի տնօրեն, ՀԱԱՀ-ի շրջանավարտ Հարություն Համբարյանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Աերեւիկ Աբովյանը։

Հուշագրով կողմերը պարտավորվորվում են միավորել ջանքերը, միջոցներն ու փորձը` դասախոսների վերապատրաստման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրերի իրականացման, համատեղ փորձաքննությունների անցկացման, գիտաժողովների անցկացման, գիտագործնական ծրագրերի իրականացման, ուսանողների փորձուսուցումների անցկացման եւ այլ ուղղություններով։

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց, որ շինշիլաբուծությունը հեռանկարային ոլորտ է, որի համար անհրաժեշտ են թե´ մասնագետներ եւ թե ներդրողներ։ Կարեւոր համարելով համագործակցության՝ հուշագրով ամրագրված ուղղությունները, պարոն Ուռուտյանն ասաց, որ առաջիկայում նոր ճյուղի համար անասնաբույժների եւ անասնաբույծների պատրաստումն ու վերապատրաստումը կարող է իրականացվել՝ համապատասխան ուսումնական պլանի ստեղծման եւ կամընտրական հիմունքներով մասնագիտացում իրականացնելու տեսքով։ Նա հավելեց, որ շինշիլաբուծության նկատմամբ ֆերմերների շրջանում հարաճուն հետաքրքրությունը բավարարելու համար համալսարանը պատրաստակամ է ներդնել ֆերմերների մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտ ռեսուրսներ։

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ավետիք Իսահակյանը գոհունակություն արտահայտեց ՀԱԱՀ-ի եւ Շինշիլաբույծների հայկական ընկերակցության հետ գործակցելու հնարավորության համար։ Նա նշեց, որ ներկայումս երկրում գործում են 300-350 շինշիլաբույծ ֆերմերներ, ընդ որում ոլորտը արագ զարգանում է։ Պարոն Իսահակյանը հույս հայտնեց, որ Ագրարային համալսարանի հետ գործակցությունը հնարավորություն կընձեռի բավականին արագ զարգացող ոլորտի համար պատրաստել ոչ միայն անասնաբույժների, այլեւ մորթու վերամշակման մասնագետների։

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը 3 տարվա պատմություն ունի, անցել է դժվարություններով լի հետաքրքիր ճանապարհ։ Այն շինշիլաբուծական տնտեսություններին մատակարարում է առողջ տոհմային կենդանիներ, որակյալ համակցված կեր եւ տրամադրում անվճար մասնագիտական խորհրդատվություն։ Ընկերությունը նաեւ ապահովում է կենդանիների ամբողջ գլխաքանակի մթերումը՝ մորթու համար։ Շինշիլայի մորթին մեծ պահանջարկ ունի արտերկրում։ Բացի շինշիլայի մորթուց, այստեղ արտադրում են նաեւ գառան եւ նապաստակի մորթիներ։

Ընկերությունում այս պահին աշխատում են ՀԱԱՀ-ի մի քանի շրջանավարտներ։