ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մարտի 30-ին Տավուշի մարզի Հովք համայնքում մասնակցել է Ուսուցման կանաչ կենտրոնի բացման արարողությունը։ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) աջակցությամբ վերազինված կենտրոնը ՀԱԱՀ-ի գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հերթական նորարարական կարեւոր նախաձեռնությունն է: Կանաչ արահետի առաջին համանման կենտրոնը արդեն մի քանի տարի է մեծ հաջողությամբ գործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում:
Ուսուցման նոր կանաչ կենտրոնի ստեղծման նպատակն է նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների օգնությամբ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների պարզ եւ արդյունավետ լուծումներ գտնելը՝ որպես առանցքային սկզբունք ունենալով բնական ռեսուրսների խնայողությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում գյուղաբնակ երիտասարդությանը խրախուսելը:
Ագրարային համալսարանի, այլ բուհերի եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները Կենտրոնի հիմնական շահառուների թվում են՝ ֆերմերների, գյուղոլորտի խորհրդատուների, զբոսաշրջիկների եւ այլոց հետ միասին: Բոլոր շահակիցներն այստեղ հնարավորություն կունենան ծանոթանալ նոր տեխնոլոգիաների օգնությամբ գյուղատնտեսության վարման գործելակերպերին, կկապվեն գյուղատնտեսության, հողի եւ միմյանց հետ:
Բացման արարողությանը ներկա Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը մեծապես կարեւորեց նորաստեղծ կենտրոնի հենց կրթական բաղադրիչի դերը մարզում գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման գործում:
Ըստ EU-GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկերսի, առաջիկայում նախատեսվում է համանման կենտրոն բացել նաեւ Շիրակի մարզում։