Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբում հունիսի 5-6-ին «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում անցկացվեց 14 ժամ ընդհանուր տևողությամբ «Սոցիալական ձեռներեցություն եւ կանաչ նորարարություններ» թեմայով երկօրյա դասընթաց՝ Լոռու մարզի գյուղական համայնքների երիտասարդների համար:
Ինչպես հաղորդում է հաբի պատասխանատու Տաթեւիկ Հովսեփյանը, երիտասարդներին իրենց փորձն ու հմտություններն էին փոխանցում հմուտ դասընթացավարներ Արտակ Ալոյանը եւ Սուրեն Մխիթարյանը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր: Նախագիծը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է Կովկասյան բնապահպանական ՀԿ-ների ցանց (CENN) ընկերությունը:
Մինչ այդ՝ ամսի 5-ին, Գիտելիքի նորարարական հաբում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան: Հաբը փորձի փոխանակման հնարավորություն էր ընձեռել Վանաձորի թիվ 3, 18 եւ 24 հանրակրթական դպրոցներում գործող բնապահպանական ակումբների ղեկավարներին, ակտիվ անդամներին: Նրանք, որպես համախոհներ, միմյանց հաղորդակից դարձրեցին շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված հաջողված պատմություններին, փորձառությանը եւ հետագա համագործակցության հիմքեր դրեցին: