Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի այցը Ագրարային համալսարան

0 Shares

Այսօր՝ փետրվարի  27-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու համալսարանների միջեւ գործակցության նոր «դարաշրջան» նախանշող մի շարք ուղղություններ:

Մասնավորապես «խելացի» տեխնոլոգիաների բնագավառում համատեղ նախագծեր իրականացնելու համար հետազոտողների միացյալ թիմերը կարող են արդյունավետորեն օգտվել երկու համալսարաններում առկա տեխնոլոգիական հնարավորություններից, ինչպիսիք են՝ ՀԱՀ-ի Արհեստական բանականության (AI) լաբորատորիաները, մեր Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, «խելացի» ջերմատունը, ուսումնափորձնական տնտեսությունները:

Քննարկման ընթացքում պրոֆ. Մարկիդեսի համար պարզ դարձավ, որ նորագույն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, ասենք, ճշգրիտ գյուղատնտեսությունը, Ագրարային համալսարանի մասնագետներն ու մեկը մյուսի հետեւից շարք մտնող արդիական տեխնոլոգիական ենթակառույցները Ամերիկյան համալսարանի գործընկերներին հաստատապես կօգնեն հասկանալ եւ դիմագրավել առկա մարտահրավերները եւ ավելի վստահորեն առաջ գնալ նախանշված բազմաթիվ ծրագրային ուղղություններով:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկն էլ ՀԱԱՀ-ի Գյումրիի, Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի դասախոսների, ինչպես նաեւ մարզերում ֆերմերների համար անգլերենի դասընթացների կազմակերպումն է, առհասարակ բաց կրթության սկզբունքների արմատավորումը եւ առկա կրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

Հանդիպմանը մասնակցում էին ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ տնօրենի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը:

Փոխգործակցության գործնական ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումից առաջ ռեկտոր Ուռուտյանը եւ Արթուր Գրիգորյանը ՀԱՀ-ի նախագահին ծանոթացրեցին Ի-Վի-Էն գինու ակադեմիայի եւ ԱՈՒԿ-ի գործունեությանը, համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Պրոֆ. Մարկիդեսը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն է 2019թ.-ի հուլիսից: