Գորիսեցի պատանի քիմիկոսները ՀԱԱՀ քիմիայի լաբորատորիայում

ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանն օրերս մեծ սիրով ընդունել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Նանե Ասատրյանին եւ Էլեն Աղաջանյանին եւ քիմիայի նրանց ուսուցչուհի Լիլիթ Աղաջանյանին։

Նանեն եւ Էլենը Ագրարային համալսարան են այցելել քիմիայի հանրապետական օլիմպիադային մասնակցելուց հետո, որի ժամանակ նրանք արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի եւ գովասանագրի։

Ընդհանուր քիմիայի ամբիոնի լաբորանտներ Մարիետա Ավանեսյանը, Գայանե Խուրշուդյանը եւ Լիլիթ Ստեփանյանը սյունեցի շնորհալի դպրոցականներին հաճույքով ցուցադրել են մի շարք դիդակտիկ փորձեր, ծանոթացրել տիտրման եւ անիոն-կատիոնների բաժանման գործընթացին։

Երեխաներին շատ դուր եկան ամբիոնի վերանորոգված եւ արդիական սարքավորումներով հագեցած լաբորատորիան, այնտեղ աշխատելու իրենց հետաքրքիր փորձառությունը եւ, անշուշտ, ամբիոնի աշխատակիցները։ Նրանք եւ ուսուցչուհի Լիլիթ Աղաջանյանը շնորհակալություն են հայտնել տիկին Հարությունյանին եւ աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության համար: Նրանք ակնհայտորեն գոհ էին հայրենի Գորիս վարադառնալուց առաջ Ագրարային համալսարանի քիմիայի լաբորատորիա այցելելու իրենց որոշման համար:

Հնարավոր է, որ մի քանի տարի հետո հենց այս լաբորատորիան դառնա իրենց ուսանողական կյանքի անբաժան ու սիրված մասերից մեկը: