Բոլորս միահամուռ փակեցինք 2020-ի դժվարին, ծանր ժառանգությամբ էջը եւ նոր հույսերով-սպասումներով-լավատեսությամբ սկսում ենք նորը: Չնայած բազում դժվարություններին, առարկայական եւ ոչ առարկայական խոչընդոտներին, մեր համալսարանի գիտության ոլորտի մշակները ծավալուն եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացրել, որոնց մասին խնդրեցինք պատմել գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանին: Չնայած նա սակավախոս, գնահատականների առումով ժուժկալ անհատ է (գիտնականը երեւի հենց այդպիսին պետք է լինի), բայց անգամ չոր ու ցամաք ամփոփումները բավականին տպավորիչ են:
– ՀԱԱՀ-ում աշխատանքները գլխավորապես կազմակերպվել են գիտահետազոտական երկու ինստիտուտի, գիտական երեք եւ հետազոտական հինգ կենտրոնների միջոցով: Մասնավորապես, 12 ծրագիր իրականացվել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգով»: ՀՀ պետական բյուջեից համալսարանի գիտական կառույցների եւ ստորաբաժանումների ֆինանսավորումը կազմել է 236,4 մլն դրամ: Գիտական կենտրոնների արտաբյուջետային մուտքերը կազմել են 46,8 մլն դրամ, որից 10,95 մլնը՝ ֆերմերների հետ համատեղ գիտահետազոտական գործունեությունից, իսկ 5,5 մլնը ֆերմերային տնտեսություններին մատուցած խորհրդատվական ծառայությունների մուտքերն են: Բացի վերոնշյալից՝ 2020-ին ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում է ստացել 11 ծրագիր,- ասում է ՀԱԱՀ պրոռեկտորը:
Մեր գործընկերները անցած տարվա ընթացքում տպագրել են 115 հոդված, եւ 28 զեկուցում է ներկայացվել գիտաժողովներում:
«ՀՀ ԿԳՄՍ ԳԿ կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի մրցույթում» եւս երկու թեմա է հաղթող ճանաչվել արդեն նոր տարում՝ 2021-ին: Դրանք են՝ «Արտարմատային սնուցման (տերեւային սնուցում) նպատակով կիրառելու համալիր պարարտանյութերի սինթեզի տեխնոլոգիա, սինթեզում եւ փորձարկում» եւ «Սիս» կենսահումուսի տնտեսաէկոլոգիական արդյունավետությունը ՀՀ բնահողային գոտիներում»: Այս թեմաների կատարումը մեկնարկել է ընթացիկ հունվարի 1-ից եւ կավարտվի 2022 թվականի դեկտեմբերի 30-ին:
Մեկնարկել է նաեւ միջազգային երկու ծրագիր՝ «Հյուսիսային Կովկասում զոոնոտիկ ինֆեկցիաների ատլասի նախապատրաստում» եւ «Ուղղորդված պրոբիոտիկներ ջրային կամ ակվակուլտուրաների համար»:
Այս չորս ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ավելի հանգամանորեն կներկայացնենք առաջիկայում: