Սումիի ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա) ամփոփվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։
Հունիսի 16-ից 18–ը ծրագրի մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ի դեմս Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանի, հաշվետվողական ներկայացումների եւ պանելային քննարկումների միջոցով անդրադարձել են TOPAS ծրագրի շնորհիվ ուսուցման ընթացքում ագրարային ոլորտի կազմակերպություններին ուսանողների կցման գործընթացում առաջացած խնդիրներին ու դրանց լուծումներին, դասավանդման գործընթացի արդյունավետության բարձրացման հնարավորություններին, ինչպես նաեւ ուսանողների փորձուսուցման, գյուղատնտեսական տվյալների հավաքման եւ ուսանողակենտրոն ուսուցման լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկի կիրառման կարեւորության հարցերին։
Արման Տոնիկյանի փոխանցմամբ, մտքերի ինտերակտիվ փոխանակման ձեւաչափով Bar Camp-ի ժամանակ քննարկվել են դասավանդման գործընթացի վրա COVID-19 համաճարակի ազդեցության հետեւանքները, TOPAS ծրագրի ձեռքբերումների զարգացման ու ապագայում համագործակցության նոր հնարավորությունները։
TOPAS-յան պաշտոնական վերջին միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերներն Ուկրաինայից, Հայաստանից եւ Ուզբեկստանից հանդիպել են ՍԱԱՀ ռեկտոր գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վոլոդիմիր Լադիկայի հետ եւ հնարավորություն ունեցել տեղում տեսնել եւ գնահատել TOPAS–ի շնորհիվ ագրարային այդ բուհում ստեղծված ենթակառույցներին։
COVID-19 համաճարակի սահմանափակումների պատճառով ամփոփիչ միջոցառմանն առցանց տարբերակով մասնակցում էին ծրագրի համակարգող Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանը, ԵՄ գործընկերներն (Լեհաստան, Ռումինիա, Մեծ Բրիտանիա) ու Էրազմուս+ ազգային գրասենյակների ներկայացուցիչները։