Կաթնամթերքի ուսումնական արտադրամաս

Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության կաթի ուսումնական արտադրամասում երկար տարիներ գերմանական տեխնոլոգիաներով արտադրվել է «Զովետ կաթ» ապրանքանիշը կրող կաթնամթերքը՝ պանիրը, կաթը, թթվասերը, կաթնաշոռը, թանը և մածունը: Սակայն տևական ժամանակ է, ինչ արտադրամասը չի աշխատում նախկին հզորությամբ. այն գտնվում է վերակառուցման, վերանորոգման և տեխնիկապես վերազինման փուլում: Բայց վերջերս Պարենամթերքի տեխնոլոգիաների տարբեր մասնագիտությունների առաջին և երրորդ կուրսերի 6 ուսանողներ արտադրամասում երկշաբաթյա արտադրական պրակտիկա անցան: Արտադրամասի գլխավոր տեխնոլոգ Արտեմ Երանոսյանի օգնությամբ նրանք պատրաստեցին թթվասեր, կաթնաշոռ, թան և մածուն, իրենց համոզմամբ՝ լավագույնը երկրում:
Ժամանակավոր դադարի մեջ գտնվող արտադրամասի դռները ուսանողների առջև բացվեցին՝ ընդառաջելով հենց իրենց՝ ուսանողների նախաձեռնությանը: Համալսարանի մասնագետների ուժերով ստեղծված արտադրամասում իրենց պրակտիկան ուսանողների գնահատմամբ ավելին էր, քան պրակտիկան. չէ որ իրենք են իրականացրել կաթնամթերքի արտադրության ամբողջ շրջափուլը՝ վերամշակումից մինչև փաթեթավորում:
Շուտով վերանորոգված ու տեխնիկապես արդիականացված արտադրամասը լիարժեք կծառայի իր բուն նպատակին՝ դառնալով ապագա տեխնոլոգների փորձուսուցման անցկացման սիրելի վայրը: