Տվյալագիտության ամբիոնի գնահատման եւ թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաներում այսօր՝ հունվարի 15-ին քննություն էին հանձնում Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողները:
Գեղեցիկ կահավորված քննասենյակներում հայտնվելուց առաջ ուսանողները համակարգչի միջոցով ընտրում են առարկան, վերցնում կտրոնը, որի վրա նշված համարը ցույց է տալիս, թե որ համակարգչից պետք է օգտվի տվյալ ուսանողը: Արդեն քննասենյակում ուսանողը մուտք է անում նույնականացման ծածկագիրը, համակարգչի էկրանին հայտնվում է տվյալ ուսանողի նկարը, իսկ քննության ամբողջ ընթացքին հնարավոր է հետեւել նախասրահում տեղադրված մոնիտորի միջոցով:
Առաջին եւ երկրորդ կուրսերի բոլոր առարկաների քննությունները, բացի կենսաքիմիայից, անցկացվում են այս կենտրոնում, որը գոհացնում է թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին: Ինչպես նշում է Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Լիանա Խաչատրյանը, քննություն հանձնելու այս եղանակը հնարավորություն է տալիս ստուգելու ուսանողի թե՛ գիտելիքները եւ թե՛ արագ կողմնորոշվելու կարողությունը:
Ուսանողները գրեթե միակարծիք են թեստային համակարգի արդարացվածության հարցում եւ նշում են, որ այն շատ ավելի «լավն» է, քան բանավոր քննությունը՝ տարբեր առումներով: Ապագա տնտեսագետներից մեկն, այնուամենայնիվ, հակառակ կարծիքն ունի. նա համոզված է, որ բանավոր քննությունն ավելի լիարժեք է ի հայտ բերում ուսանողի գիտելիքներն ու կարողությունները:
Հստակ է մի բան՝ գնահատման եւ թեստավորման կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները անաչառ քննություն անցկացնելու համար. հանձնվող առարկայի քննասենյակ կարող են մտնել եւ քննության ընթացքին հետեւել միայն ոչ մասնագետներ, ինչպես նաեւ ՏՏ բաժնի աշխատակիցներ՝ առաջացած տեխնիկական խնդիրներին լուծում տալու համար: