Ֆակուլտետում գործում է Արմեն Թախտաջյանի անվան կրթաթոշակ, որին արժանանում է ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակում երկու ուսանող։
Անվանի գիտնական Ա․Թախտաջյանի մասին (1910 - 2009 թթ․)․
Բուսաբան,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Ծնվել է 1910թ. հունիսի 10-ին Շուշիում: 1929-1930թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1932թ. ավարտել է Թիֆլիսի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը:
Ա.Թախտաջյանը եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտաշխատող, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէաբանության բաժնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի հիմնադիր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր, նույն համալսարանի կենսաբանության և հողագիտության ֆակուլտետի դեկան, Սանկտ Պետերբուրգի Վ.Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, նույն ինստիտուտի բարձրակարգ բույսերի ֆլորայի, կարգաբանության և էվոլյուցիայի բաժնի վարիչ, նույն ինստիտուտի տնօրեն:
Ա.Թախտաջյանը հեղինակ է շուրջ 400 աշխատության, այդ թվում 20 մենագրության։
Ա.Թախտաջյանը XX դարի մեծագույն բուսաբաններից է և նշանակալի դեր է խաղացել Հայաստանում և Ռուսաստանում բուսաբանական գիտության մի շարք ճյուղերի զարգացման ու կայացման ուղղությամբ:
Նա իրավամբ համարվում է բարձրակարգ բույսերի ֆիլոգենիայի խոշորագույն մասնագետ:
Ա. Թախտաջյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի , Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումների, ԽՍՀՄ Պետական մրցանակի, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության շքանշաններով, բազմաթիվ մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
Ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակ ֆակուլտետի ամենաարժանիներից երկուսը ստանում են Մարգար Սեդրակյանի անվան կրթաթոշակ։
Մարգար Սեդրակի Սեդրակյանի մասին (ծնվել է 1907 թ. մարտի 31-ին, Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մահացել է 1973 թ., հոկտեմբերի 1-ին Երևանում)․
Հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս։
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։
Մարգար Սեդրակյանը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ 1930 թ-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։
1927 թ-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։
1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում։ Ստեղծել է «Հոբելյանական», «Հայաստան», «Ընտիր», «Դվին», «Արտաշատ», «Երևան», «Օդեսա», «Ուկրաինա», «Արարատ», «Տոնական», «40-ամյա», «Ախթամար», «Նաիրի», «50-ամյա», «Վասպուրական» կոնյակները։
1966 թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ 1971 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007 թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի կտրվածքով երկու ուսանողի համար սահմանված անվանական կրթաթոշակը Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կրում է ամերիկահայ անվանի գյուտարար Ասատուր Սարաֆյանի անունը։
Նրա մասին․ Ասատուր Սարաֆյանը (Asatour Sarafian), նույն ինքը` Օսկար Բենքերը (Oscar H. Banker) ծնվել է 1895թ. Օսմանյան կայսրությունում: Բարեբախտաբար, Սարաֆյան ընտանիքը ողջ է մնում 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածների ժամանակ։
Պատանեկության տարիներին Ասատուրին հաջողվում է հեռանալ Օսմանյան կայսրությունից: Նա հաստատվում Չիկագոյում, փոխում է իր անունը՝ դառնալով Օսկար Բենքեր։ Աշխատանքի է անցնում գործիքների խանութում, որտեղ շուտով նախագծում է սղոցների սայրերի սրման գործիքը: Իր առաջին հայտնագործություններից հետո Բենքերն իր կյանքը նվիրաբերում է գյուտարարությանը: Տարիների քրտնաջան աշխատանքի և ինժեներ գործընկերների հետ 8-ամյա պայքարի արդյունքում Բենքերի հայտնագործած ավտոմատ փոխանցման տուփը 1940թ. ներդրվում է «General Motors»-ի հայտնի «Oldsmobile Hydramatik» փոխանցման տուփի հիմքում: Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն` նախագծված ստանդարտացված փոփոխման հերթափոխով:
Նրան են պատկանում բենզինային պոմպի, ինչպես նաև ավտոյուղի չափիչի գյուտերը:
ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենքերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը և գունավոր տպագրության սարքը : Բենքերի հիմնական ուշադրությունը սևեռված էր ավիացիոն մեխանիզմի վրա: Նա աշխատում էր առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի վրա, որը երկինք բարձրացավ 1939թ.-ին: Սիկորսկու և Բենքերի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների մասսայական արտադրության:
1968թ. Օսկար Բենքերը ստեղծում և արտոնագրում է նաև առաջին պնևմատիկ, առանց ասեղի ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում պատվաստման նպատակով: Ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում մեծ տարածում է ձեռք բերում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է տարածվում, Բենքերի ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»-ը ներարկիչներ է նվիրաբերում կղզուն, ինչի շնորհիվ համաճարակը կանգնեցվում է: 1979թ. օգոստոսի 2-ին Գրենադայում հրապարակվում են Բենքերին նվիրված փոստային դրոշմանիշներ` ի պատիվ գյուտարարի, որը փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր:
Օսկար Բենքերը մահացել է Քլիվլենդում 1979թ.` 83 տարեկան հասակում:
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում անվանական կրթաթոշակը, որը ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակ ստանում է երկու ուսանող, կրում է հայտնի կենդանաբան, մակաբուծաբան Սերգեյ Հովհաննեսի Մովսիսյանի անունը։ Գիտնականի մասին․ Ծնվել է 1928 թվականին, Մեծ-Շեն գյուղում (ԼՂ Մարտակերտի շրջան)։ Հետազոտությունների բնագավառը` ընդհանուր հելմինթոլոգիա, մակաբուծաբանություն, կենդանաբանություն, կենսաբազմազանություն։
1951թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը` «Կենդանաբանություն, մակաբուծաբանություն» մասնագիտությամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ, Կենդանաբանության ինստիտուտի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայում, վարիչ, ՀՀ ԳԱԱ, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, գիտական ղեկավար
ԿՀԷԳԿ, Կենդանաբանության ինստիտուտ, ՌԳԱ Ա.Սևերցովի անվան Էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտ, պարազիտոլոգիայի գիտափորձարարական կենտրոն, գիտական ղեկավար:
Ս․Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու:
Պարգևատրվել է ՌԳԱ Կ. Սկրյաբինի, Ե.Պավլովսկու, Գ. Մենդելի անվան մեդալներով, ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ պատվոգրերով:
Ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակ անվանի տնտեսագետ Վահան Թոթոմյանցի անունը կրող անվանական կրթաթոշակ են ստանում Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի երկու ուսանող։ Գիտնականի մասին․
Վահան Թովմասի Տոտոմյանց (Թոթոմյանց) (1875-1964, 1875 կամ հունվարի 21, 1875, Աստրախան, Ռուսական կայսրություն - 1964 կամ մայիսի 9, 1964, Փարիզ, Ֆրանսիա), հայ տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, սոցիոլոգ, կոոպերատիվ շարժման տեսաբան։
Վահան Թոթոմյանցը (Տոտոմյանց) սովորել է Բեռնի, Ժնևի, Ցյուրիխի, Բելգիայի համալսարաններում։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրիվատ-դոցենտ։ Տոտոմյանցի «Գյուղատնտեսական կոոպերացիա» աշխատությունն ունեցել է չորս հրատարակություն, այդ թվում բուլղարերենով։
Տոտոմյանցի «Հայերի դերը համաշխարհային մշակույթի մեջ» աշխատությունում հեղինակը փաստական տվյալներով ցուց է տալիս համաշխարհային քաղաքակրթության`մշակույթի ու տնտեսության մեջ հայ ժողովրդի իրական ներդրումը։
Նրա ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավել կոոպերացիային առնչվող հարցերը։
Տոտոմյանցի գրքերը թարգմանվել են աշխարհի 10-ից ավելի լեզուներով, սակայն հայերեն ունենք միայն մեկ գործ։
Լինելով պրակտիկ գիտնական, իր աշխատանքները շարադրելով տարբեր լեզուներով՝ Տոտոմյանցը մշտապես մտահոգված է եղել հայ ազգի խնդիրներով։ Դեռևս 1901 թվականին Բեռլինում, գերմաներենով լույս է տեսել Տոտոմյանցի «Տաճկաստանը հասարակական և տնտեսական տեսակետից» գիրքը, որի երկրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հայերին և հայկական խնդրին։
Իր գիտական գործունեության ավելի քան 50 տարիների ընթացքում, Ռուսաստանում, Եվրոպայում աշխատելիս պրոֆեսոր Տոտոմյանցը կոոպերացիայի հիմնախնդիրների վերաբերյալ գրել է բազմաթիվ արժեքավոր աշխատություններ։ 1953 թվականից մինչև մահը աշխատել է Փարիզի ռուսական գիտական ինստիտուտում։
Վահան Տոտոմյանցը մահացել է 1964 թվականի մայիսի 13-ին։ Թաղված է Փարիզի «Կորնեյ ան Պաղի» գերեզմանատանը։