ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ուսանողական գիտական ընկերության առաքելությունն ուսանողների գիտական, հետազոտական ու ստեղծագործական զարգացմանը նպաստելն է: Ընկերությունը համախմբում է բակալավրական և հետբուհական կրթություն ստացողներին՝ մագիստրանտներին ու ասպիրանտներին: Իր առաքելության իրականացման ճանապարհին ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ, դասախոսություններ, օգնում երիտասարդ գիտնականներին, հետազոտողներին ու ուսանողներին հրատարակելու իրենց գիտական հոդվածները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին ուսանողական խորհրդի ուսումնակրթական և գիտական խմբակի հենքի վրա՝ իր հետագա գործունեությամբ զգալի ավանդ ունենալով ուսանողների մասնագիտական կարողությունների ձևավորման ու զարգացման գործում: Այսօր ուսանողական գիտական ընկերությունն իր ֆակուլտետային կառույցներով նպատակադրված գործունեություն է ծավալել ուսանողական գիտական աշխատանքների միջազգայնացման (մասնակցություն տարբեր միջազգային ուսանողական գիտաժողովներին) և համալսարանի գիտական ու հետազոտական կենտրոններում և ամբիոններում իրականացվող գիտական թեմաներում առավել մեծ թվով ուսանողներ ընդգրկելու ուղղությամբ: