Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։
Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առնձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը և այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։
Աղբյուր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ