«Հրապարակի» պատվիրատուները գինուց էլ բան չեն հասկանում․․․

Անշնորհք պատվիրատուների պատճառով «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում Ագրարային համալսարանի հանդեպ ձեւավորված ախտագին հետաքրքրության հերթական դրսեւորման վերնագիրն է՝ «Ագրարայինում էժան գինի են վաճառում»։ Համաձայնեք՝ «խոստումնալից» վերնագիր է, իսկ թեման վերաբերում է Զատկի տոնի կապակցությամբ Ագրարայինի «Սերունդ» եւ «EVN» գինիները համալսարանի աշխատակիցներին հատուկ գներով վաճառելու՝ համալսարանի ղեկավարության նախաձեռնությանը։

Ահա այս «դարակազմիկ» լուրն ավարտվում է համալսարանի «նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում»՝ բառերով։

Այս «լրատվամիջոցի» եւ դրա պատվիրատուների առ այսօր ամուլ համագործակցության առնչությամբ չենք կարող չարձանագրել մի ակնհայտ ճշմարտություն․ որքան փնթի ու անճարակ է պատվիրատուն, այնքան անհեթեթ, անգրագետ (նաեւ՝ բուն լեզվաոճական ու քերականական գրագիտության առումով) ու զրոյականին մոտ ուշադրության արժանացած են շարունակում մնալ սրանց հրապարակումները մեր համալսարանի վերաբերյալ․․․

Վերոնշյալ երկու գինիներն էլ արտադրվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գինեգործարանում, նույն մասնագետների ձեռքով՝ ուսանողների օգնությամբ, ակցիզային նույն դրոշմապիտակով եւ երկուսն էլ համալսարանի հաշվեկշռում են։

Իսկ համալսարանի «նախկին ղեկավարությունը»՝ Վարդան Ուռուտյանը, բացի համալսարանում «Սերունդ» գինիների արտադրությունը նախաձեռնելուց, որեւիցե այլ առնչություն չունի ոչ այդ եւ ոչ էլ ICARE հիմնադրամի գինիների հետ։ Այնպես որ նախկին ռեկտորի բարի համբավը «Հրապարակի» միջոցով արատավորելու՝ ձախավեր պատվիրատուների այս հերթական փորձն ի սկզբանե ձախողված է, ինչպես նախորդ բոլոր փորձերը։

ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին