Փակվեց SciNova ծրագիրը՝ թողնելով իր հետքն ու ապագա հնարավորությունները ՀԱԱՀ-ում

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի Creative Spark նախագծի կողմից ֆինանսավորված «Գիտական հետազոտության մեթոդաբանություն եւ գիտության առևտրայնացում» SciNova ծրագրի փակման արարողությունը:

«Մենք Ագրարային համալսարանը զարգացնում ենք որպես ագրոտեխնոլոգիական կրթության եւ գիտության գերազանցության կենտրոն: Այդ առումով կարեւորում եմ նման ծրագրերի աջակցությամբ մեր կարողությունների զարգացումը,  որպեսզի նորաստեղծ  այս ճանապարհն անցնելիս սայթաքումներ չլինեն»,- իր ելույթում նշեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին, ըստ ռեկտոր Ուռուտյանի, շատ կարեւոր է  ուսումնական բովանդակության արդիականացումը: «Գյուղատնտեսությունն արդեն մտել է Գյուղատնտեսություն 4.0 փուլ,  երբ այս ոլորտի զարգացման հիմքում նոր թվային տեխնոլոգիաներ են եւ պարենային համակարգերի փոխակերպումները այլեւս կապված են տեխնոլոգիական զարգացման հետ»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Կարեւոր գործոններ են նաեւ ենթակառուցվածքների զարգացումը, որի ուղղությամբ վերջին 3 տարիներին համալսարանը բավականաչափ աշխատանք է կատարել հատկապես միջազգային գործընկերների հետ:

«Թերեւս, ամենակարեւոր քայլը Ագրարային համալսարանը ապագայում ստարտափային էկոհամակարգի բաղկացուցիչ մաս դարձնելն է: Այդ առումով լուրջ աշխատանքներ են կատարվել ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ստեղծման գործում: Հիմա նաեւ համատեղ քայլեր ենք ձեռնարկում կենսատեխնոլոգիական ինկուբատորի ստեղծման եւ կայացման ուղղությամբ: Այս ինկուբատորների ստեղծման եւ զարգացման գործում իր կարեւոր դերն է ունեցել FAST-ի աջակցությունը: Առաջիկայում, այս երկու ինկուբատորները կկարողանան լավ նախադրյալներ դնել երիտասարդների եւ այս ստարտափների ստեղծման գործում: Այդ առումով ասեմ, որ արդեն հայտարարել ենք ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ մրցույթը, որում  մեր գործընկերների հետ ստարտափ ծրագրերի ֆինանսավորման համար ներգրավել ենք 37 հազար եվրո: Դրանով իսկ մեր ուսանողները արդեն ռեալ հնարավորություններ ունեն հանդես գալու նորարարական  գաղափարներով եւ ինկուբատորից ֆինանսավորվել»,- ասաց ռեկտոր Ուռուտյանը:

Ռեկտորը կարեւոր համարեց վերոնշյալ ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն հայտնեց դասախոսներին, ովքեր մասնակցել եւ հաջողությամբ ավարտել են այս փուլը եւ ծրագրերին աջակցող գործընկերներին, հատկապես՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, Բրիտանական Խորհրդին:

Փակման արարողությանը մասնակցեցին ՀԱԱՀ Սննդամթերքի անվտանգության եւ Ագրոբիզնեսի եւ ֆինանսների մագիստրանտները, ՀԱԱՀ այն դասախոսները, ովքեր մասնակցել են գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առևտրայնացում թեմաներով դասընթացներին, ինչպես նաեւ տարբեր բուհերի ներկայացուցիչներ։

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը եւ Բրիտանական Խորհուրդ Հայաստանի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը կարևորեցին իրականացված ծրագրի վերջնարդյունքները եւ փաստեցին այն, որ Հայաստանի ապագան այլեւս կապված է գիտություն-տնտեսություն համատեղ զարգացման հետ։ FAST-ի ռազմավարական ծրագրավորման գծով փոխտնօրեն Սյուզաննա Շամախյանը համառոտ ներկայացրեց FAST-ի իրականացրած ծրագրերն ու նախագծերը, դրանց առավել ակնառու արդյունքներն ու ապագա սպասելիքները, ինչպես նաեւ SciNova-ի շրջանակում կատարված վերապատրաստումները։ Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում որպես փորձաշրջան դասավանդվել են Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ Գիտության առեւտրայնացում մոդուլները, որին մասնակցել են ՀԱԱՀ  25 մագիստրանտներ եւ 7 դասախոսներ, ինչպես նաեւ կարճաժամկետ վերապատրաստումներ են իրականացվել ՀԱԱՀ տարբեր բուհերի ներկայացուցիչների համար հետևյալ ուղղություններով՝ գիտության հետազոտման մեթոդաբանություն, գիտության առեւտրայնացում, մտավոր սեփականություն, ուսանողակենտրոն ուսուցման մեթոդաբանություն։

Իրենց ելույթներում վերապատրաստումներին մասնակցած մագիստրանտներն ու ՀԱԱՀ դասախոսներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ խիստ յուրաժամանակ վերապատրաստումների իրականացման եւ դասընթացների մշակման համար։ Հանդիպմանը հեռավար եղանակով մասնակցեց նաեւ SciNova ծրագրի անդամ Էսթոնի համալսարանի դասախոս Ջեֆ Փարքսը, որը հավաստեց, որ համագործացությունը FAST հիմնադրամի հետ կլինի շարունակական։

Ծրագրի շրջանակում ներկայացվեց նաեւ մեկ շատ կարևոր հետազոտություն եւս։ Հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ եւ գիտության առեւտրայնացման հետ կապված հայաստանյան տարբեր շահակիցներ մասնակցել էին փոքրիկ մի հետազոտության, որի նպատակն էր պարզել գիտության առեւտրայնացման խոչընդոտները Հայաստանում։ Էսթոնի համալսարանի ներկայացուցիչը համառոտ ներկայացրեց այն հիմնական տվյալները, որոնք ստացվել են հարցախույզի ընթացքում։ Այն կարող է արժեքավոր «ախտորոշիչ գործիք» հանդիսանալ նմանօրինակ հետազոտություն անցկացնելու տեսանկյունից։

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։