Անտոն Քոչինյանի անվան քոլեջի խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների խոսքերը դարձրինք վերտառություն, քանզի ճիշտ կետին էին դիպել: Անսխալ: Անվրեպ: Դուալ կրթությունը հենց սա էլ կարեւորում, ծրագրում, ենթադրում է՝ լսարանային ժամերին ստացած տեսական հարցերը ամրակայել փորձառությամբ, աշխատանքով:
Երիտասարդները այսօր, իրենց դասախոսի՝ գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի եւ գ.գ.թ., դոցենտ Արտեմ Օհանյանի առաջնորդությամբ հերթական անգամ Ոսկեհատի ՈՒՓՏ էին այցելել: Նախորդ այցերի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն ունեցել ենք սեպտեմբերին:
Ուսանողները մասնակցել են հետբերքահավաքի աշխատանքների, այգեթաղի: Լսարանում ուսումնասիրած «Վազի կառուցվածքը» թեման պատասխանել են տեղում՝ այգում: Ասել, թե նրանք փորձուսուցման այս դասին մասնակցել են սիրով, հաճույքով, նշանակում է ոչինչ չասել: Ասում են՝ տեսնել էր պետք երիտասարդների շողացող աչքերը:
Խաղողի մշակության սեզոնն ավարտված է: Գարնանային կիսամյակին նրանք կմասնակցեն էտի, կանաչ հատումների աշխատանքներին: Ուսանողները խոստովանել են՝ արդեն սպասում են այդ օրվան…