ՀԱԱՀ եւ ICARE-ի պատվիրակությունը մասնակցել է ագրոպարենային արժեշղթաներին նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը մասնակցել է հոկտեմբերի 3-ից 5-ը Թբիլիսիում կայացած «Ագրոպարենային արժեշղթաների աշխատանքի բարելավումը Հարավային Կովկասի տարածաշրջանում» վերտառությամբ միջազգային աշխատաժողովին, որի նպատակն էր խթանել երկխոսությունը ոլորտի ակադեմիական շրջանակների, քաղաքականություն մշակողների, գործող մասնագետների եւ քաղհասարակության շահակիրների միջեւ եւ մշակել տարածաշրջանի ագրոպարենային համալիրում առկա խնդիրների հաղթահարման եւ դրա զարգացման ռազմավարություն։

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտի (IAMO) կազմակերպած աշխատաժողովում քննարկվել են գյուղատնտեսական շուկաների մատչելիությանը, գյուղմթերքի գների վերլուծությանը, ագրոպարենային արժեշղթաներում հավելյալ արժեքի ստեղծմանը, ճգնաժամերի ազդեցությանը, ագրոպարենային քաղաքականության արդյունավետությանը, աշխատուժի շուկային, արտագաղթին, կանաչ գյուղատնտեսությանը, թվայնացմանն ու նորարարություններին առնչվող հարցեր։

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը մասնակցել է «Դիմակայուն ագրոպարենային արժեշղթաներ․ ինչպես հակազդել տնտեսական եւ քաղաքական խոցելիություններին Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը։

Աշխատաժողովին ՀԱԱՀ-ից մասնակցում էր նաեւ Արմինե Աբրահամյանը, որը «Կանաչ, շրջանաձեւ եւ թվային գյուղատնտեսություն» համընթաց նիստի ժամանակ հանդես եկավ «Դաշտավարական նորարարական համակարգ՝ հանուն կանաչ գյուղատնտեսության գործելակերպերի» զեկուցմամբ։

Հայաստանից աշխատաժողովին մասնակցում էին նաեւ ՀԱԱՀ նախկին ռեկտոր, ICARE հիմնադրամի ԱգրոԹվին ծրագրի ղեկավար Վարդան Ուռուտյանը, որի զեկուցման թեման էր՝ «Թվային երկվորյակներ․ արտադրողականության, արդյունավետության եւ հարակայուն երկրագործության բարելավումը»։ «Սպառողի վարքագիծ» համընթաց նիստում էլ ICARE հիմնադրամից Սոնա Խոջոյանը ելույթ ունեցավ հայկական գինու սպառողների վարքագծի վրա ազգային բրենդինգի ունեցած ազդեցության մասին։