ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, նշանավորվեց ամենաուրախ, ամենաերիտասարդական ու ամենավանաձորյան քվեստով: Հաբը համախմբել էր երիտասարդների նաեւ մարզի գյուղական համայնքներից: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին երեք` մեկը մեկից ստեղծագործ թիմեր:
City Quest-ը Վանաձորը ճանաչելու, քաղաքի մշակութային, սոցիալական կողմերն ըմբռնելու, քաղաքի կյանքում գյուղերի եւ գյուղական բարիքների կարեւորության, երիտասարդների շրջանում վաճառքի ու սոցիալական ձեռներեցության մտածողություն զարգացնելու, թիմային աշխատանքի, հաղորդակցման եւ մեդիա հմտությունների, համայնքի լիիրավ անդամ լինելու կարեւորության մասին էր՝ համեմված ծիծաղով, արագությամբ ու հիշարժան թիմային արկածներով:
Հաղթող ճանաչվեց «Չէ մի, չէ» թիմը՝ գործելով արագ, ստեղծագործաբար, թիմային մոտեցմամբ ու արդյունավետ։
«Շատ ենք ուզում, որ այդ օրվա եռանդը, շահադրդվածությունը, հոգատարությունն ու սերը միմյանց ու համայնքի նկատմամբ միշտ երիտասարդների մեջ լինի եւ միշտ կարեւոր համարվի երիտասարդության մասնակցությունը մեր քաղաքացիական, տնտեսական եւ սոցիալական կյանքում», – ասում է վանաձորյան հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը:
Հաբը գործում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ Կանաչ Արահետ (Հայաստան) եւ KRDF (Վրաստան) գործընկեր կամակերպությունների հետ:
Հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյան