Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում այսօր՝ փետրվարի 12-ին Ագրարային համալսարանում գիտատեխնիկական փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանը եւ ՌԴ «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոն» դաշնային բյուջետային գիտական հաստատության տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Ելատկինը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը։
Համատեղ գիտահետազոտական եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտամեթոդական գործունեության կազմակերպմանը վերաբերող համաձայնագրի ստորագրումը ողջունեց ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ մաղթելով բեղմնավոր համագործակցություն։ Պարոն Ելատկինն էլ բարձր գնահատեց Ագրարային համալսարանի եւ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը եւ «հսկայական ներուժը»՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում այն գործնական հուն կմտնի։
Գիտական պատկառելի ճանապարհ անցած երկու հաստատությունների միջեւ ստորագրված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում են հիմնարար եւ կիրառական հետազոտություններ ընտրասերման, սերմնաբուծության, գենետիկայի, կենսատեխնոլոգիայի եւ հացահատիկային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների, ՌԴ-ում եւ ՀՀ-ում դրանց արժեքավոր մշակաձեւերի եւ հիբրիդների էկոլոգիական փորձարկումների բնագավառներում։
Փոխնախարար Աֆոնինան գոհունակություն է հայտնել ստորագրված համաձայնագրով նախատեսվող համագործակցության հեռանկարների առումով՝ հույս հայտնելով, որ այն չի սահմանափակվի զուտ գիտական համատեղ աշխատանքներով, այլ կներառի նաեւ ուսումնական գործունեությունը։
Համաձայնագրի ստորագրմանը նախորդել է ՀԱԱՀ-ի նորարարական կենտրոններից երկուսում՝ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում եւ Կենսատեխնոլոգիական Բի-Օն նախատիպային լաբորատորիայում շրջայցը։
Այսօր, Аգրարային համալսարան այցից եւ համաձայնագրի ստորագրումից առաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՌԴ պատվիրակությանն ընդունել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը․ հանդիպմանը մասնակցել է ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։

















