Նոյեմբերի 23-ին Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային՝ Կորպորասիոն Ամերիկայի համակարգի Agronegocios ընկերության գլխավոր տնօրեն Ալեխանդրո Յափունջյանի, Տիերաս դե Արմենիա ընկերության դաշտային աշխատանքների կառավարիչ Մանուել Գոմեսի եւ բիզնես խորհրդատու Դիեգո Գոմեսի ուղեկցությամբ։
Դեսպան Վերգարան նախ այցելեց Ոսկեհատի ՈՒՓՏ-ի այն տարածքը, որտեղ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի աջակցությամբ կառուցվել է ջրավազան եւ անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ։ Նույն տարածքում, Տիերաս դե Արմենիայի աջակցությամբ, տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր։ Գարնանն այստեղ ցանք կարվի, զուգահեռաբար կանցկացվեն վերապատրաստման համապատասխան դասընթացներ։
Արգենտինացի գործընկերների հաջորդ կանգառը ՀԱԱՀ-ի Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնն էր, որտեղ նրանց դիմավորեց գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանը, անշուշտ՝ համալսարանի Սերունդ կարմիր եւ սպիտակ գինիներով։
Բարեկամ երկրի գործընկերները, մասնավորապես դեսպան Վերգարան, որ հետեւում է Ագրարային համալսարանում իրականություն դարձող նորարարական ծրագրերի ընթացքին, գոհունակությամբ հեռացան Ոսկեհատից․ Արգենտինայի դեսպանության, Տիերաս դե Արմենիայի եւ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի գրասենյակի աջակցությունը գտել է ճիշտ հասցեատիրոջը։ Մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիաների ցուցադրման համար առանձնացված երկու հեկտար տարածքը պատրաստ է ծառայել ուսանողներին եւ ֆերմերներին։