«Այն փոքրիկ անկյունը, որ ստեղծվեց ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում՝ ի հիշատակ այս կրթօջախի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի, ամենաքիչն է, որ պարտավոր էինք անել»,- իր խոսքն այսպես սկսեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շերմազանյանը:
«Գործն է անմահ, լավ իմացեք…». հիրավի, թումանյանական անբեկանելի ճշմարտությունն ապացուցվեց մեկ անգամ ևս՝ այս անգամ մեծն լոռեցին իր հող ու ջրի իմաստությունը և ուժն ամբարող մեկ այլ լոռեցու մեջ էր իր խոհերով արմատներ գցել:
Մասնաճյուղի մեթոդիստ Աննա Խառատյանի խոսքով՝ պատգամներ կան, որ ժամանակն է սղագրում, արժեքներ կան, որ ժամանակի հետ աղերսներ չունեն, և վերջապես ճանապարհ կա, որ փարոսի դեր ունի: Ալեքսանդր Հակոբյանն այդօրինակ կերպար էր, վառ անհատականություն, որն իր ձեռագիրը դրոշմեց թե՛ կրթության համակարգում, թե՛ այդ կրթությունը կազմակերպող-իրականացնող անձանց անհատական որակներում:
«Որպես քաղաքացի, որպես գիտնական՝ նա օրինակելի ուսումնական հաստատություն հիմնադրեց գրեթե ոչնչից, ստեղծեց նախանձելի կրթական միջավայր՝ ղեկավարելով մի հանրույթ, որն այսօր պատվով շարունակում է նրա կիսատ թողածն ու ձգտում է բարձր պահել այն նշաձողը, որ սահմանել էր Ալեքսանդր Հակոբյան գիտնականը»,- հիշատակի միջոցառումն այսպես եզրափակեց մասնաճյուղի ավագ դասախոս Ռուբեն Պարսամյանը:
Եվ որպես արված հսկայական գործի փոքրիկ պատասխան՝ մասնաճյուղի միջանցքում այսուհետ բոլորին լուռ կբարևի մի քանի սերնդի պատմություն կերտած, իր գործի անմնացորդ նվիրյալ Ալեքսանդր Հակոբյանի ամենախոս հայացքը:
Աննա Խառատյան
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ