Ընտրասերման եւ սերմնաբուծության համատեղ կրթական ծրագիր ԵԱՏՄ երկրներում

Երեկ՝ մարտի 2-ին տեղի է ունեցել «Ընտրասերման եւ սերմնաբուծության արդի վիճակը եւ մեթոդները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում» համատեղ կրթական դասընթացի բացումը։ Առցանց եղանակով հանդիպմանը ռեկտորների կամ պրոռեկտորների մակարդակով մասնակցել են Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Մոսկվայի Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիան, Բելառուսի պետական գյուղատնտեսական ակադեմիան, Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանը, Վորոնեժի պետական ագրարային համալսարանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Մեր համալսարանը ներկայացնում էր Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ․գ․թ․, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանը, որը կարեւոր համարեց նոր կրթական ծրագրի ներդրումը ԵԱՏՄ շրջանակում եւ առանձին անդամ երկրներում ընտրասերման եւ սերմնաբուծության ոլորտի եւ այս ուղղությամբ փոխգործակցության զարգացման տեսակետից։

Պարոն Տեր-Գրիգորյանն իր ողջույնի խոսքում ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ իր անունից ագրարային կրթության ոլորտում երկարամյա համագործակցության հաջող մեկնարկ մաղթեց։ Նա նշեց այս նախաձեռնության կարեւորությունը՝ Հայաստանի գյուղատնտեսության մեջ բուսաբուծության առաջատար դերի տեսակետից, որի արդյունավետ վարման հիմքը հենց ընտրասերման ու սերմնաբուծության զարգացումն է։ Ոլորտի զարգացման համար վճռական գործոնները, ինչպես նշեց դեկան Տեր-Գրիգորյանը, որակյալ սերմերի եւ տնկանյութի արտադրությունը, սերմնաբուծության համապատասխան համակարգի ձեւավորումը եւ սորտավորման-սորտափոխանակման աշխատանքներն են։ Նշեց, որ վերոնշյալ նպատակներին հասնելու համար այժմ Հայաստանում կատարվում են արտադրատեխնոլոգիական եւ ընտրասերման անհրաժեշտ աշխատանքներ՝ տնտեսություններին բարձրորակ սերմանյութի անհրաժեշտ ծավալով ապահովելու համար։

Պարոն Տեր-Գրիգորյանը գործընկերներին տեղեկացրեց Հայաստանում (ՀԱԱՀ-ում) առաջին անգամ իրականացված սերմերի եւ տնկանյութի հավաստագրողների եւ փորձորոշողների ուսուցման ծրագրի մասին, որի որակավորված ունկնդիրներն արդեն անցել-անցնում են մասնագիտական աշխատանքի։ Այս համատեքստում եւ ընտրասերման ու սերմնաբուծության ոլորտի մասնագետների պատրաստման առումով նա բարձր գնահատեց ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն առհասարակ եւ համատեղ կրթական ծրագրի ներդրումը՝ մասնավորապես։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ագրարային շուկաների զարգացման բաժնի վարիչ Անդրեյ Դրոբիշեւսկիի՝ ԵԱՏՄ շրջանակում սերմնաբուծության բնագավառի իրավանորմատիվային կարգավորման վերաբերյալ զեկուցումից հետո հանդիպման մասնակիցները քննարկումներ անցկացրեցին երկու խմբերում․ 1․ ԵԱՏՄ անդամ պետություններում ընտրասերման եւ սերմնաբուծության եւ 2․ ընտրասերման եւ սերմնաբուծության արդի մեթոդները։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ագրոնոմիական ֆակուլտետի չորս ուսանողներ՝ Սուսաննա Խաչատրյանը (ԱԷ 4), Մարիամ Զախարյանը (ԱՍԳ -4), Մարիա Կրտիկաշյանը՝ (ԱՍԳ-2) եւ Արտյոմ Գասպարյանը` (ՋԱ-3):

Շարունակական դասընթացների ավարտին մասնակից ուսանողներն անցնելու են թեստավորում, որի հիման վրա կստանան համապատասխան ավարտական հավաստագրեր։