Վերապատրաստումներ. Սիրում ենք գարեջուր ըմպել եւ… պատրաստել

Գարեջուր արարող առաջին երկրներից ենք, եթե ոչ առաջինը: Սիրում ենք ըմպել, վերջին շրջանում նաեւ շատ են նրբությունները սովորելու ցանկություն ունեցողները:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեր բուհի Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում իրականացվեց «Գարեջրի արտադրության տեխնոլոգիա» թեմայով կարճաժամկետ դասընթաց (դասընթացավարներ՝ Մերի Վարդանյան եւ Արեն Զարգարյան): Վեց ժամ տեսականից հետո, նույնքան գործնական պարապմունքները հաստատապես կօգնեն մասնակիցներին ոչ միայն ընդհանուր պատկերացում ունենալ արտադրության մասին, այլեւ աշխատանք գտնելու հնարավորություն են ընձեռում: Ընդսմին, բացի մեր բուհի այլ մասնագիտացումների ուսանողներից, դասընթացին մասնակցել են նաեւ երիտասարդներ Երեւանի պետական եւ Պոլիտեխնիկական համալսարաններից:

Մի հետաքրքիր տեղեկություն եւս, Մերի Վարդանյանը «Հորիզոն» ծրագրով «Գինեգործության» 9-շաբաթյա դասընթաց է վարել Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի համայնքների 9-12-րդ դասարանների աշակերտների համար:

-Ամեն դասարանից 15-20 աշակերտ էր մասնակցում: Պատանիների մի մասը հետաքրքրված էր, ոմանց ընտանիքներում փոքր արտադրություն են իրականացնում: Այնպես որ ե՛ւ հետաքրքրված էին, ե՛ւ ոլորտից տեղյակ: Նրանցից մի քանիսը հաստատապես որոշեցին, որ գալու են այդ մասնագիտությունը սովորելու:

Վերջին հանգամանքը մեր բուհի համար շատ կարեւոր է, չէ որ սա նշանակում է՝ հստակ կողմնորոշված, ապագայի ծրագրերը հստակեցրած համալրում կարող ենք ունենալ տեսանելի ապագայում: