Վերապատրաստում. Ելակի հիդրոպոնիկ մշակությունը թեմայով

Վերտառություն դարձած թեման ներկայացրեց Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը: Սակայն, քանի որ առաջին մասնաշենքի ընթերցասրահում պատահական ունկնդիրներ չէին հավաքվել, այլ այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտները, ուստի նախաձեռնությունն ավելի նման էր շահեկան քննարկման: Եւ եթե ընդունում ենք, թե տեղեկատվությունը թանկ ապրանք է, ապա կարող ենք համոզված ասել, որ փոխշահավետ ապրանքափոխանակություն ստացվեց: Բոլորն էլ իրենց փորձառությամբ ձեռք բերած էական մի հավելում ունեին աշխարհի չափ հին՝ ելակի մշակության նոր՝ հիդրոպոնիկ եղանակի հետ կապված:

Մեր երկրում ջերմատնային տնտեսությունների բանակն ավելանում է, որոնցից շատերը մասնագիտանում են հենց ելակի արտադրության ուղղությամբ: Մի ոլորտ, որի նրբությունները շատ են, բայց գիտելիքով զինվելու դեպքում ջանքերն արդարացնում է: Նաեւ, այս պտուղը ապրանքային տեսքը շուտ է կորցնում, ուրեմն բազում են արտահանման խնդիրները: Թերեւս սա է պատճառը, որ ելակ աճեցնող ջերմատնային տնտեսություններին կից ստեղծում են նաեւ պահածոյացման արադրամասեր:

Երեկ, նոյեմբերի 29-ին տեսական մասն ավարտելուց հետո, այսօր մասնագետների պատկառելի խումբը թեմայի դիտարկումը շարունակեց մեր համալսարանի ջերմատանը: Ուսումնասիրեցին ելակի մի քանի հիվանդություն, սնուցման բաքի եւ ջերմատան կառավարման համակարգի աշխատանքը: