Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։
Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Աննա Ալոյանը այցելեցին Արևմտյան Ատտիկայի համալսարան (Հունաստան):
Այցելությունը մեկնարկեց այլ գործընկեր համալսարաններից ժամանած գործընկերների ելույթներով, իրենց համալսարանների և պետությունների ներկայացմամբ: ՀԱԱՀ-ի ու Հայաստանի մասին ներկայացրեց Ա. Հարությունյանը` շեշտադրումներ կատարելով նաև ՀՀ խաղողագործության, գինեգործության և տուրիզմի վրա:
Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ գործընկերներ Լեհաստանի, Ուկրաինայի, ՀԱՀ, Զիմբաբվեյի և այլ երկրների բուհերից: Լեհաստանի պատվիրակության մեջ հիմնականում ընդգրկված էին տնտեսագիտական բլոկի ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքություններ ներկայացնող հարցեր և հետագա համագործակցության ուղղություններ:
Այցելության շրջանակներում կազմակերպվեց հանդիպում սննդագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Էվանգելոս Բերիսի հետ, ով ներկայացրեց համալսարանի գինեգործությանն առնչվող ենթակառուցվածքները և դասավանդման նրբությունները: Օրգանոլեպտիկ փորձաքննության լաբորատորիայում` գինի համտեսելուն զուգահեռ, քննարկվեցին գինու բիզնեսի և տուրիզմի զարգացման հնարավորությունները և հնարավոր համագործակցության ուղղությունները: Ծանոթանալով Հայաստանի գինեգործության պատմությանը և տուրիզմի ոլորտում առկա միտումներին, պրոֆեսորը և նրա գործընկերները ցանկություն հայտնեցին առաջիկայում այցելելու ՀԱԱՀ` ծանոթանալու հայկական գինեգործական ավանդույթներին: Ըստ նախնական պլանավորման այցելությանը պետք է մասնակցեն նաև Արևմտյան Ատտիկայի համալսարանի ուսանողները: Օրն անմոռանալի ու ջերմ տպավորություններով էր հագեցած և ապագա համագործակցության սպասումով:
Կազմակերպվեց նաև այցելություն Արևմտյան Ատտիկայի համալսարանի ճարտարագիտական դեպարտամենտ: Մասնավորապես այցի շրջանակներում եղանք ճարտարագիտական մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ լաբորատորիայի գիտաշխատող Քրեստոս Ցիցեսի ուղեկցությամբ և ներկայացմամբ ծանոթացանք համալսարանում իրականացվող հետազոտական աշխատանքներին` արևային էներգիայի ստացման ոլորտում: Համալսարանը հագեցած լինելով այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող արևային մարտկոցներով և բավարարելով սեփական սպառման էներգիայի կարիքը, միևնույն ժամանակ ուսումնական և հետազոտական աշխատանքների թեմաներում՝ բակալավրից մինչև մագիտրոսական թեզերը, ներառվում են արևային էներգիայի սպառման, կարգավորման և այլ պարամետրերի ուսումնասիրման մասով հետազոտական աշխատանքներ: Այցի ընթացքում եղանք նաև սառնարանային տնտեսությունների համար կլիմայի կարգավորման սարքավորումների լաբորատորիայում, որտեղ ի թիվս լաբորատորիայում կատարվող հետազոտական աշխատանքի, մեզ ներկայացվեց նաև մասնավոր հատվածից պատվիրված հետազոտական աշխատանքներ, որոնք իրականացվում էին համալսարանի տարածքում, կատարվում էին պատվիրատուի պահանջներին համապատասխան կարգավորումներ, աշխատանքային բանելակարգերի և այլ կարևոր պարամետրերի սահմանում, և հանձնվում էին շահագործման։ Այս կապը արտադրություն-գիտություն կապի հետաքրքիր դրսևորման ձևերից է, որը, ինչպես մեկնաբանեց մեր գործընկերը, ավանդույթ դարձած բնույթ ունի։
Շարժունության մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտին և Արևմտյան Ատտիկայի համալսարանի միջազգային գրասենյակի անձնակազմին Էրազմուս+ ծրագրի շրջանակում ընձեռած հնարավորության համար։
Արման Հարությունյան
Արթուր Ալթունյան
Աննա Ալոյան