Մարիամ Միրանյանը սովորում է Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսում: Կանգնած է եղել «Սերունդ» գինու ստեղծման ակունքներում: Բախտ է ունեցել ականատեսն ու մասնակիցը լինելու այդ մեծ, հետաքրքիր արարումի:
Spirit of Armenia համահայկական փառատոնի երեք օրն էլ Մարիամը անդադար եղել է տեղում՝ Անգլիական այգում, իր կուրսընկերուհու՝ Աննա Մելքոնյանի հետ դիտարկել, ուսումնասիրել է այցելուների տրամադրությունն ու վերաբերմունքը: Հետաքրքրությամբ հետեւել է մեր գինին վայելողների արձագանքին, դեմքի արտահայտությանը: Այս ամենը՝ փորձառությունը կօգնի, որ ագրարայինցի ապագա գինեգործներն ավելի լավ հասկանան շուկան, սպառողին, նրա ակնկալիքներն ու մեր հնարավորությունները:
Մենք ներկայացրել էինք 2020 թ.-ին շշալցված եւ հայրենական շուկա մուտք գործած կարմիր եւ կարմիր անապակ «Սերունդ» գինիները:
– Հատկապես հաճելիորեն զարմացա, որ Սանկտ-Պետերբուրգից կային հյուրեր եւ նրանք ծանոթ էին, ճանաչում էին «Սերունդ» գինին ու շատ բարձր գնահատեցին: Հանրայնացման, ճանաչելիության տեսակետից կարեւոր էր այս նախաձեռնությանը մասնակցությունը,- ասում է Մարիամը:
Ալկոհոլային խմիչքներ արտադրող 200 ընկերություններ մեկտեղվել էին Spirit of Armenia համահայկական առաջին փառատոնում եւ ներկայացնում էին Հայաստանում արտադրվող մոտ 1500 տեսակի խմիչք: Բացի գինուց, ներկայացված էին նաեւ մրգային եւ այլ օղիներ, կոնյակ, գարեջուր եւ ալկոհոլային այլ խմիչքներ: Փառատոնի համակազմակերպիչներն են Prom Expo եւ Azd production ընկերությունները: