Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը ղեկավարում է ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը: Մեկ եւ կես տասնամյակից ավելի իր ընդամենը հինգ հիմնական աշխատակցի հետ իրականացրել է բազմաթիվ գիտական ծրագրեր: Նրա ղեկավարած միջազգային գիտական ծրագրերում տարիներ շարունակ համախմբվել եւ արարել են նաեւ լավագույն մասնագետներ ՀՀ այլ բուհերից, ԳԱԱ տարբեր ինստիտուտներից:
Հետխորհրդային երկրների շրջանակում այս «կորիզը» եզակիներից է, որ մշտապես գնահատվել եւ գնահատվում է արտրերկրի գիտնականների կողմից, արդյունավետ աշխատում եւ արարում է նրանց հետ «հավասարության» սկզբունքով: Նման ներուժով ամեն գիտական կենտրոն չէ, որ կարող է հպարտանալ: Միայն 2014-2018 թթ. 28 հոդված են տպագրել ազդեցության բարձր գործակից ունեցող գիտական հանդեսներում: Շատ քիչ գիտնականներ կան, որ հրավիրվում են արտասահման՝ ուսուցողական գիտական զեկույցների․ վերջին հինգ տարվա ընթացքում բաժնի աշխատակիցները այդպիսի 25 բանավոր եւ ուսուցողական զեկույց են ունեցել, 12 գիտական եւ գիտական-ճանապարհորդական մրցանակ ստացել:
Բաժնի ուսումնասիրությունների ծիրում են ռազմավարական նշանակության թեմաներ՝ ԳՄՕ-ներ, գեների կարգավորում, վիտամիններ (նաեւ ֆոլաթթու) արտադրող բազմախոստում բակտերիաներ, սննդամթերքների փաթեթավորման համար նախատեսվող, վնասակար բակտերիաներից ազատվող կենսաթաղանթ, մարդու քաշի մեկ կիլոգրամը կազմող բակտերիաներ, որոնց վարքից են կախված մեր ինքնազգացողությունը, տրամադրությունը, ստեղծագործ միտքը, աշխատունակությունը:
Լաբորատորիայում ստեղծվել է երեք պրոբիոտիկ՝ առողջապահական, գյուղատնտեսական նշանակությամբ բակտերիաներ, որոնք «պատրաստ» են ճառագայթումից պաշտպանելու զինվորներին, տիեզերագնացներին, հիվանդներին, կարգավորելու աղիքային բակտերիալ խախտումները: Աստղիկ Փեփոյանը մտորում է համապիտանի պրոբիոտիկ ստանալու մասին, որը կկիրառվի սննդային միասնական՝ հող-բույս-կենդանի-մարդ շղթայի բոլոր օղակներում:
Մեծաթիվ են արտերկրի գործընկերները՝ ամերիկացիներ, եւրոպացիներ, ճապոնացիներ: Անդադար որոնումների մեջ են՝ հակաբիոտիկակայնության տարածման վտանգի մասին Հայաստանում նոր են խոսում, իսկ իրենք այդ մասին ահազանգել են 2000-ականներից:
2019թ․ բաժնի աշխատակիցները մասնակցել են 7 գիտաժողովի, գրախոսվող ամսագրերում տպագրվել է 7 հոդված (այդ թվում՝ 5-ը 2-ից բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում): Հաստատվել է մեկ միջազգային դրամաշնորհային ծրագիր՝ «Հյուսիսային Կովկասում զոոնոտիկ վարակների քարտեզագրում», որը կիրականացվի մինչեւ 2021թ.-ը:
Ներկայացվող բաժինը բոլորովին վերջերս, վերջապես շատ հարմարավետ տեղավորվեց ուսումնասիրությունների համար բարենպաստ միջավայրում: Իսկ սա նոր հայտնագործությունների կարեւոր նախապայման է: