Սիսիանի մասնաճյուղը շարունակում է նպաստել արցախցիների մասնագիտացմանը գյուղոլորտում

Արցախից տեղահանվածների համար Սիսիանի մասնաճյուղում իրականացվող վերապատրաստման հագեցած ծրագրի շրջանակում վերջին հետաքրքիր իրադարձություններից էին փորձուսուցումները Ախլաթյան գյուղում գտնվող Դավիթ Խաչատրյանի հիմնադրած Նոյլենդ ԱՄ ՍՊԸ-ի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տանձենու եւ կեռասենու ինտենսիվ այգում` Սիսիանի մասնաճյուղի դասախոս Գագիկ Շողունցի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի Սյունիքի անասնաշուկայի խելացի անասնաշենքում` դասընթացավար Հակոբ Հարությունյանի եւ «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ում՝ տնօրեն Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Փորձուսուցման յուրաքանչյուր վայրում ծրագրի շահառուները գործնական գիտելիքներ ստացան վերոնշյալ ոլորտներից եւ որոշ կարեւոր նրբությունների հասու դարձան ինտենսիվ այգիների կառավարման, Սյունիքում կլիմայավարժեցված բարձրմթերատու ցեղատեսակների, գարու, հաճարի եւ ցորենի՝ մարզի կլիմայական պայմաններին հարմարված սորտերի վերաբերյալ։ Ինչպես նկատեց Սիսիանի մասնաճյուղի դասախոս Արմինե Շողունցը, «յուրաքանչյուր գործնական դասընթացից հետո արցախցիները կոնկրետ գործնական նպատակներ են ամրագրում»։

Արցախցիների համար ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում անցկացվող վերապատրաստման դասընթացների անցկացմանն աջակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական  եւ սոցիալական զարգացման ներգրավվածությունը հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։